Ավետյանների ընտանիքի փաստաբան Տիգրան Եգորյանը դժգոհ է «Հարսանաքարի» գործով նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերմունքից։
Հոկտեմբերի 11-ին դատական հերթական նիստից հետո նա լրագրողներին ասել է, որ ուշագրավ է հատկապես դատավորի խոսելու ոճը իր հետ, ինչը, նրա խոսքով, դատաքննության ընթացքում թույլատրելի պահվածք չէ։
Դատավորի որոշումներում փաստաբանը նաեւ կողմնակալություն է նկատել։
«Պաշտպանվող կողմին նա թույլ տվեց առարկել իմ հարցին՝ ասելով, որ հարցն անհիմն է, ու դրանում եղած ձեւակերպումը չի եղել ամբաստանյալի ցուցմունքներում, իսկ ինձ հնարավորություն չտվեց հայտարարություն անելու եւ ասելու, որ իմ հարցի ձեւակերպումը մեջբերում էր մեղադրյալի նախկին ցուցմունքից»,- ասաց փաստաբանը։
Բացի դրանից, փաստաբանի կարծիքով, դատավոր Դավիթ Հարությունյանը հուշում է ամբաստանյալին՝ ինչպես պահել իրեն դատարանում հարցաքննության ժամանակ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը նիստերի ժամանակ հրաժարվում է պատասխանել Ավետյանների ընտանիքի փաստաբանի հարցերին։ Չնայած դրան, Տիգրան Եգորյանը հնչեցնում է իր բոլոր հարցերը։
«Դեռ ամբաստանյալի մերժումը չարձանագրած՝ դատավորն ինքը իր նախաձեռնությամբ հանդես եկավ, որ ամենայն հավանականությամբ, չի պատասխանի ձեր հարցերին՝ ըստ էության հուշելով ամբաստանյալին իր պահվածքը։ Բայց ցանկացած հարցի ամբաստանյալը հնարավոր է որոշի, որ պետք է պատասխանի։ Հնարավոր է, նրա համբերությունը հատի, հնարավոր է նա զայրանա, միգուցեւ իրական խղճի խայթ ապրի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատավորն այս հնարավորությունը անտեսելով՝ ազդարարում էր, որ ամբաստանյալը չի պատասխանի հարցերին ու փաստաբանին հրահանգում անցնել առաջ։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալներից երեքը՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը եւ Արթուր Բաբլոյանը ինքնախոստովանական ցուցմունք էին տվել: Բայց դրանից հետո նրանք հրաժարվում են պատասխանել դեպքի մասին Ավետյանների ընտանիքի փաստաբանի բոլոր հարցերին՝ արձագանքելով միայն դատավորի եւ դատախազի հարցերին։
«Հարսնաքարի» գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2012-ի հունիսի 17-ին, 23:00-ի սահմաններում հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:
Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:











