Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում վաղը՝ հոկտեմբերի 14-ին, կքննարկվի Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի կալանքը մեկ ամսով հետաձգելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի ազատ արձակումը հետաձգվում է: Արդեն եկել է համալիր փորձաքննության պատասխանը, որին փաստաբանը դեռ չի ծանոթացել: Թե ինչ է նշանակում կալանքը նորից մեկ ամսով հետաձգելը, Գիվի Հովհաննիսյանը չգիտի, անհայտ է՝ նրան ազատ կարձակեն, թե գործը կուղարկեն դատարան:  «Եթե դատարան ուղարկեն, դա խայտառակություն կլինի, որովհետեւ ոչ մի ապացույց չկա, ո՞վ է գալու ցուցմունք տալու եւ ասելու, որ այդ մարդը կապ ունի դրա հետ: Նույնիսկ սա է խայտառակություն, որ այսքան ժամանակ նրան պահում են անազատության մեջ»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Արայիկի եղբորը՝  խուլիգանության մեղադրանքով ազատազրկված Արտակ Պետրոսյանին, փաստաբանն ասաց, որ  նրա գործն արդեն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:

Գիվի Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ համաներումը ազդելու է Արտակ Պետրոսյանի վրա, եթե դատավճռով նրան պատիժ նշանակվի մինչեւ 3 տարի ազատազրկում, ապա իր պաշտպանյալը ազատ կարձակվի, ավելի մեծ պատժաչափի դեպքում այն պարզապես կկրճատվի: Հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Արտակ Պետրոսյանին, նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել էին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 258-րդ հոդված): Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: