Իրանը Ժնեւյան բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներին ու Գերմանիային առաջարկել է համագործակցել միջուկային բնագավառում` թափանցիկության պայմաններով ու ԱԷՄԳ-ի վերահսկողությամբ: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից, որի վերջնական նպատակն է Իսլամական Հանրապետության դեմ միջազգային բանաձեւերի չեղյալ համարումն ու խաղաղ նպատակներով ուրանի հարստացման եւ միջուկային տեխնոլոգիաների տիրապետման իր իրավունքների ճանաչումը:

Առաջարկությունների փաթեթը նախատեսում է Իրանում միջուկային օբյեկտների ստուգումների անցկացում, հոկտեմբերի 16-ին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ Իրանն ու Մեծ Բրիտանիան համաձայնել են երկու շաբաթվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ժամանակավոր հիմքերի վրա: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնեւյան բանակցությունների ընթացքում:

Այս պահին Իրանի շահերը Միացյալ Թագավորությունում ներկայացնում է Օմանը, բրիտանականը Իրանում՝ Շվեյցարիան: Դեռ 2011թ.-ին Լոնդոնը փակել էր Թեհրանում իր դեսպանատունն ու հետ կանչել դիվանագետներին, այն բանի հետո երբ մի խումբ դժգոհ ուսանողներ հարձակվլ էին դեսպանատան վրա: Նույն կերպ վարվել էր եւ Իրանը:

«Վեցնյակի» ու Իրանի միջեւ միջուկային հարցերի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը սպասվում է նոյեմբերին: