Life News հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը պաշտոնական դիմում է ուղարկել Մոսկվայի ոստիկանություն` խնդրելով պարզել Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհը լուսաբանող նկարահանող խմբի վրա հարձակվելու փաստը: Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին` ուղիղ եթերում:
«Իրավիճակը հետեւյալն էր. մեր նկարահանող խումբը «Սադովոդ» շուկայում հրդեհի վայր էր ժամանել մյուս հեռուստաալիքներից կես ժամ շուտ: Եվ պահակները մտածել էին, թե իրենք արագ հաշվեհարդար կտեսնեն երկու թղթակիցների հետ: Սակայն երբ եկել էին այլ հեռուստաալիքների ներկայացուցիչներ, նրանք որոշել էին, որ արդեն պետք չէ լրագրողների հետ վիճել: Ես վստահ եմ, որ մեղավորները պետք է պատժվեն: Եթե դա այլ երկրում տեղի ունենար, օրինակ` Անգլիայում, ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում, ֆուրոր կլիներ», - ասված է Գաբրելյանովի դիմումի մեջ:
Նախօրեին Life News հեռուստաալիքի խմբագիր Աշոտ Գաբրելյանովը հայտնել էր, որ «Սադովոդ» շուկայում լրագրողների վրա հարձակվել էին կովկասցիներ: Կաշվե բաճկոններով մարդիկ ուժ էին կիրառել, կոտրել տեխնիկան եւ թղթակիցներին սպառնացել ուղիղ եթերում: Առեւտրի կետի պահակներն արգելել էին կատարվածը նկարահանել եւ ականատեսներից խլել էին բջջային հեռախոսները:
Հոկտեմբերի 20-ին «Սադովոդ» շուկայում հրդեհ էր բռնկվել: Բռնկվել էր պահեստներից մեկի տանիքը, կրակը տարածվել էր 200 քմ մակերեսով:











