«Փակ շուկայի» պահպանման համար հոկտեմբերի 9-ից սկսված բողոքի ամենօրյա երթն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, առաջին անգամ չկայացավ։  Պատճառը դերասան Վարդան Պետրոսյանի հետ նախօրեին կատարվածն էր։ Հիշեցնենք, որ դերասանը վթարի էր ենթարկվել հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին, ապա տեղափոխվել հիվանդանոց,  վիրահատվել, եւ այժմ նրա  վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ժամը 15:00-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները սովորականի պես դեղին գլխարկներով հավաքվել էին Մաշտոցի պուրակում։ Այստեղ էին նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարողները՝ կարմիր գլխարկներով։ Վերջիններն արդեն սկսել էին իրենց ակցիան, խոսում էին բարձրախոսերով, գովում Սամվել Ալեքսանյանին եւ հերքում, որ հոկտեմբերի 19-ին Շենգավիթ համայնքի «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ ակտիվիտների վրա հավկիթներ նետողն իրենք են եղել, երբ ակտիվիստները հանեցին կամավորի դեղին գլխարկները՝ հարգելով վթարի հետեւանքով զոհվածների հիշատակը, իսկ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ վթարի պատճառով իրենք այսօր ակցիա չեն անում:

Դրանից հետո Սամվել Ալեքսանյանի պաշտպանները նույնպես դադարեցրին իրենց ելույթները։ Կողմերը հեռացան` իրենց կողմնակիցներին հորդորելով վաղը նույն ժամին գալ Մաշտոցի պուրակ: