Շենգավիթ համայնքի «Երեւան սիթի» սուպերմարկետի դիմաց՝ Ծերեթելի-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, սկսվել է վերգետնյա նոր անցումի շինարարությունը։ Բնակիչներից ստացված դժգոհության հետքերով այսօր նշված հասցեում եղել է NEWS.am-ի նկարահանող խումբը։

Կամուրջը, որն ունենալու է 5 մետր բարձրություն, կառուցվում է բնակելի շենքի «քթի տակ», կառուցվելուց հետո այն բավական մոտ է լինելու շենքերի երկրորդ հարկերի կախովի պատշգամբներին։ Մի կողմից՝ բնակիչները անցորդների հայացքներից տան նիստուկացը ստիպված կլինեն թաքցնել անթափանց վարագույրների հետեւում եւ զրկվեն բնական լույսից, մյուս կողմից՝ ամբողջ գիշեր կքնեն՝ վախը սրտներում, քանի որ կամուրջը մի քանիսի բնակարաններից հաշված սանտիմետրեր է բաժանելու։ Ավելին, քանի որ շենքը ճակատային է, բնակիչներն իրավունք չունեն փակել կախովի բաց պատշգամբները կամ անվտանգությունն ամրացնող ճաղավանդակով։

«Անվտանգության համար ենք անհանգստանում. գողերը հանգիստ կմտնեն մեր տուն»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Բագրատունյաց 8 շենքի բնակիչ տիկին Սուսաննան։

Կառուցվող վերգետնյա անցումը, տեղում աշխատող բանվորների հաշվարկներով, ընդամենը 50 սմ է հեռու լինելու բնակելի շենքից։

«Ըհը, տես՝ կարաս բարձրանաս էստեղ, ոտդ գցես ու կմտնես էդ մարդու տուն»,- պատկերավոր բացատրեց նրանցից մեկը՝ պնդելով, որ կամուրջի կառուցումից հետո գողերը հեշտությամբ կմտնեն մոտակա բնակարանները։

Անցումի աստիճաններն էլ, ըստ բանվորների, կառուցվելու են այնպես, որ փողոցի երկու կողմում կամուրջի հատվածում գրեթե ամբողջությամբ ծածկելու են մայթերը։

Բագրատունյաց 8-ի բնակիչները հույս չունեն, որ իրենց բողոքը տեղ կհասնի։ Մեր թղթակցին պատմեցին, որ արդեն քանի տարի անօգուտ պայքարում են իրենց շենքի տակ կանգնող մարմնավաճառների դեմ, ինչի պատճառով երեկոյան ժամերին երեխաներին թույլ չեն տալիս պատշգամբ դուրս գալ, իսկ գիշերը, նույնիսկ ամռան տապին, քնում են պատուհանները պինդ փակած, որպեսզի մարմնավաճառների գիշերային սակարկումները եւ անսթափ հաճախորդների հայհոյանքները չխանգարեն քնել։