Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Դեդ Հասանի մտերիմի՝ Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործից: Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ տվյալներ իրացնելիս սպանության կատարելու, նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել մի խումբ անձանց, պարզվել է. որ նրանք նախապատրաստել են Գավառի բնակիչ, 1969թ Ռաֆիկ Մադոյանի սպանությունը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս պահին պարզվել է, որ Մադոյանի հետ անբարյացակամ  հարաբերությունների պատճառով Հովհաննես Ղամարյանը դիմել է ընկերոջը՝ Սարգիս Զազյանին եւ ազգական Դավիթ Զիրոյանին, եւ նրանց Մադոյանի սպանությունը նախապատրաստելու եւ կատարելու համար խոստացվել է 500 հազար դոլար եւ առանձնատուն Իսպանիայում:

Գործը գլուխ բերելու համար Սարգիս Զազյանը դիմել է Վարուժան Քարիմյանին՝ առաջարկելով ամսական 1000 դոլարի դիմաց հետեւել Մադոյանին, Քարիմյանը հանձն է առել լրտեսել եւ ստացել 3000 դոլար վարձատրություն:

Վարձու մարդասպան գտնելու համար դիմում են տարբեր անձանց, բայց մայիսի 10-ին սպանությունը կանխվում է, ձերբակալվում է մի շարք անձինք, կատարվում են խուզարկություններ:

Հիշեցնենք, որ 2011թ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ռաֆիկ Մադոյանի վրա արդեն կատարվել էր մահափորձ, նա չէր տուժել, թիկնապահն էր վիրավորվել ուսից: