ԵՊՀ ուսանողները դրոշներով ու պաստառներով, վանկարկելով «դատապարտում», «հատուցում», «պահանջում ենք», «արդարություն» Երեւանի պետական համալսարանից հոկտեմբերի 23-ին երթով շարժվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, որտեղ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին հանձնեցին նամակ, որում պահանջում էին համապատասխան քաղաքական գնահատական տալ նախօրեին Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կրակահերթի հետեւանքով հայ զինծառայողի զոհվելու վերաբերյալ (ֆոտոռեպորտաժ)։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը բարձրախոսով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առաջ կարդաց Անդրեյ Սորոկինին ուղղված նամակը, որում ուսանողները հիշեցնում են, որ հոկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա արձակած կրակահերթից զոհվեց ժամկետային զինծառայող Գարիկ Արտակի Պողոսյանը:
Ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ միջազգային կառույցների կողմից ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը հրադադարի ռեժիմի խախտումների հանդեպ ևս մեկ երիտասարդի մահվան պատճառ դարձավ: Քարամյանն ասաց, որ հատկապես մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ-ի անտարբերությունը: Երևանի պետական համալսարանի ուսանողները դատապարտում են ադրբեջանական իշխանությունների կողմից հերթական կեղտոտ սադրանքը, ինչպես նաև ԵԱՀԿ անհասկանալի լռությունը, պահանջում են դատապարտել Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և տալ քաղաքական գնահատական:
Քարամյանն ավելացրեց, որ ԵՊՀ ուսանողն այսօր պատրաստ է վայր դնել գրիչը և գնալ՝ պաշտպանելու հայրենիքը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը դուրս եկավ, զրուցեց ուսանողների հետ, ու ասաց, որ իրենք կծանոթանան նամակի բովանդակությանը և արդյունքների մասին կտեղեկացնեն ուսանողներին: Գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ուսանողներին նման ակտիվություն ցուցաբերելու համար:
ԵՊՀ ուսանողները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջ երգեցին հայրենասիրական երգեր և հեռացան՝ խոստանալով հետագայում նամակը անպատասխան թողնելու դեպքում այլ միջոցառումներ ձեռնարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
Կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) եւ Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











