Ամիրյան 24 և 18 շենքերի բնակիչները հոկտեմբերի 24-ի առավոտից դուրս են եկել բակ՝ կասեցնելու «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի կողմից վերսկված բազմաբնակարան շենքի շինարարությունը (ֆոտոռեպորտաժ)։ Նրանք պնդում են, որ շենքն ապօրինի է կառուցվում, չի համապատասխանում ճարտարապետության նորմերին, բարձրահարկը կառուցվելուց հետո փակելու է իրենց շենքերի լույսը, ոչնչացնում է կանաչապատ տարածք, բացի դրանից սպառնում է շենքերի անվտանգությանը, քանի որ շինարարությունը սկսելուց հետո որոշ բնակարաններում շենքերի պատերին ճաքեր են առաջացել։
Բնակիչները նաեւ մտավախություն ունեն, որ շենքը, որը նրանց տվյալով, 14 կամ 16 հարկանի է լինելու, փակելու է դեպի իրենց շենքեր հրշեջ մեքենաների մուտքը։ «Նույնիսկ վերջերս Ամիրյան 24-ի բնակիչներից մեկը վատացել էր, շտապօգնության մեքենան դժվարությամբ շենքի բակ մտավ»,- պատմեց բնակիչներից մեկը։
Անի Մանդալյանը պատմեց, որ օրենքով շինհրապարակի եւ շենքի միջեւ հեռավորությունը պետք է լինի 3,5 կես մետր, բայց հիմա 2,8 մետր է։
Բնակիչներին միացել են «Նախախորհրդարանի» որոշ անդամներ։ Նրանցից Վարդան Հակոբյանն այժմ գնացել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ պահանջելու դադարեցնել շինարարությունը։ Տարածքում կան մեծ թվով ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ։
Անի Մանդալյանը փորձել է թույլ չտալ բանվորներին երկաթյա ձողեր տեղադրել՝ շինհրապարակը մեծացնելու համար, ինչի համար ոստիկանները նրան բերման են ենթարկել։











