Հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում նոր նախագահի ընտրություններ են։ Մինչ երաժիշտների մի մասը պատրաստվում է հերթական համագումարին, կոմպոզիտորների մի ստվար զանգված պահանջում է արտահերթ համագումար հրավիրել եւ բարձրաձայնում միությունում ստեղծված անհեթեթ իրավիճակի մասին: Կառույցն արդեն երկու տարի չունի ոչ վերընտրված նախագահ, ոչ վարչություն, ոչ վերստուգիչ վարչություն։ 2011թ. Ռոբերտ Ամիրխանյանի լիազորությունները որպես Միության նախագահ ավարտվել են, եւ նոր ընտրություն դրանից հետո չի եղել։ Ռոբերտ Ամիրխանյանը շարունակում է ղեկավարել կառույցը, ինչը կոմպոզիտորների միության անդամների զգալի մասի դժգոհության առիթն է։ Բացի դրանից, նրանք դժգոհում են ղեկավարման 22 տարիներին միության «անգործությունից»։ Կոմպոզիտորները դատարան են դիմել՝ պահանջելով, որ դատարանը Ամիրխանյանին ստիպի արտահերթ համագումար հրավիրել՝ այս խնդիրները բարձրացնելու համար։ Դատարանը նիստը նշանակել է հոկտեմբերի 31-ին՝ հերթական համագումարից հինգ օր հետո, ինը, փաստորեն, անիմաստ է դարձնում արտահերթ համագումարի անհրաժեշտությունը։ Ընդդիմադիր կոմպոզիտորները հավաստում են, որ Ամիրխանյանի դատարանի վրա ճնշում է գործադրել, ինչը Ամիրխանյանը հերքում է։