Մեկ ամսվա ընթացքում հայտնի դարձածները քաղաքական գործիչ չեն դառնում, եւ քաղաքական գորչի կերպարը մի քիչ այլ է. տարիների վաստակ ունեցող անձին կարելի է համարել քաղաքական գործիչ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի քաղաքականություն մտնելու փորձը։
«Եթե կինը մտնում է քաղաքականություն, ապա պետք է դա անի քաղաքական խողովակներով՝ քաղաքական ուժերի միջոցով։ Կինը պետք է աշխատի որեւէ քաղաքական ուժում, իր ներդրումն ունենա, որպեսզի քաղաքական թիմը նրան գնահատի, արժեւորի նրա կատարած աշխատանքը, ինչի արդյունքում գնահատվի քաղաքական ուժի ղեկավարի կողմից»,- նշեց Հեղինե Բիշարյանը։
Ըստ Բիշարյանի՝ Անի Զախարյանի մոտեցումներն ու տեսակետներն իր համար անհասկանալի են, թեեւ ժամանակը չի բավականացրել, որ ուսումնասիրի նրա ծրագրերը: «Նա մի անձ է, ում տեսակետները պարտադիր չէ, որ բոլորս պետք է վերլուծենք ու գնահատական տանք։ Քաղաքական գործիչ դառնալու համար նա դեռեւս պետք է լուրջ քաղաքական ճանապարհ անցնի»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ Անի Զախարյանն իր հայտարարությունների շնորհիվ ավելի ճանաչված դարձավ, քան շատ կին գործիչներ, Հեղինե Բիշարյանն ասաց. «Ցանկանում եմ օրինակ բերել Թումանյանի Թմբկաբերդից մի օրինակ, որ չարն էլ է միշտ հիշվում իր գործով։ Այնպես որ հիմա լավ բարի կամ չար գործերը անկախ ամենից հանրության ուշադրության կենտրոնում են, եւ դրանով գնահատել մարդուն... Դա իր տեսակետն է, իր մոտեցումն է, չեմ ցանկանում գնահատականներ տալ իր հրապարակային արտահայտություններին։ Երբ որ երկար հրապարակային դաշտում կլինի, իր մասին լուրջ կարծիք կառաջանա, նոր կարծիք կհայտնեմ»։
Հեղինե Բիշարյանի խոսքով՝ կան հայտարարություններ, «որոնց տակ պետք է լուրջ հիմնավորում լինի, որ հանրությունը գնահատի եւ հասկանա». «Ես դիտեցի մի երկու դրված Անի Զախարյանի հարցազրուցներից, որ ժողովուրդն ամենավերջին խոսքերն էին ասում այդ կնոջ հասցեին եւ դա շատ տհաճ էր։ Նման դեպքերում պետք է հետեւություն անել, որ մարդը պետք է այնպիսի արտահայտություն անի, որի արդյունքում արժանանա հանրության հարգանքին»։
Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտար Ա. Զախարյանին, Հ. Բիշարյանն ասաց, որ չի ճանաչում նրան, հիշում է նրա հետ կապված մեկ-երկու ինտրիգային դրույթ, բայց, այնուհանդերձ, խորհուրդ է տալիս հավասարակշռված մտքեր արտահայտել։ «Հակառակ պարագայում, ժողովրդական խոսք կա լեզուն ոսկոր չունի, եւ մարդն ինչ կցանկանա կասի»։
Միաժամանակ, Հ. Բիշարյանը բացառեց, որ երբեւէ Ա. Զախարյանը կհայտնվի «ՕԵԿ»-ում. «Կարծում եմ՝ ոչ»։











