Հունաստանում գնչուների մոտ հայտնաբերված շիկահեր աղջնակի ծնողները գնչուներ են, պարզել է Բուլղարիայի ոստիկանությունը:
Աղջնակի ծնողները` 38-ամյա Սաշա Ռուսեւան եւ 36-ամյա Ատանաս Ռուսեւը, ապրում են Բուլղարիայի հարավի Նիկոլայեւո քաղաքում, ունեն տասը երեխա, ազգությամբ  գնչուներ են: Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսեւան հաստատել է, որ 2009թ., լինելով Հունաստանում, ունեցել էր աղջիկ եւ նրան տվել այլ անձանց: Ընդ որում` նա ընդգծել էր, որ դրա համար փող չէր վերցրել:

Բուլղարական ոստիկանությունը մտադիր է ԴՆԹ թեստ անցկացնել` Ռուսեւների եւ Մարիայի միջեւ ազգակցական կապը պարզելու համար: Եթե պարզվի, որ Ռուսեւան ծախել է երեխային, նրան կարող է սպառնալ մինչեւ վեց տարվա ազատազրկում եւ 15 հազար բուլղարական լեւ տուգանք  (10,6 հազար դոլար), հայտնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Մարիա անվամբ շիկահեր աղջնակը հայտնաբերվել էր Հունաստանի հյուսիս-արեւելքի Ֆերսալ քաղաքի գնչուական ճամբարում` հոկտեմբերի 17-ին: Ոստիկանները կասկածելի էին համարել աղջկա անսովոր արտաքինը, ինչպես նաեւ այն, որ գնչուները ծնողական իրավունքները հաստատող փաստաթուղթ չեն ունեցել:

Երեխային դաստիարակող գնչուական զույգին առեւանգման մեղադրանք էր ներկայացվել: Նրանք չէին ընդունել մեղքը եւ հայտնել էին, որ 2009թ. աղջկան իրենց էին տվել ծնողները, որոնք չէին կարողացել պահել նրան: