Մի քանի օր է, ինչ Երեւանի փողոցներում անցորդներին իր կրկեսային հնարքներով զվարճացնում է եվրոպացի երիտասարդը։ Վինսենտ Ռեդանովիչը շվեյցարացի է, բայց չի հիշում, թե վերջին անգամ երբ է եղել իր երկրում։ Վինսենտը ճանապարհորդ է, արդեն 14 տարի գումար է աշխատում փողոցային ժանգլյորությամբ։ Եղել է մի քանի տասնյակ երկրներում, Հայաստանից գնալու է Իրան, հետո Պակիստան, Հնդկաստան։

Հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ նույնն է՝ պատմությունը եւ Եվրոպայում բնակվող հայ ընկերների պատմածները։ Ի տարբերություն մյուս զբոսաշրջիկների, ովքեր ոչ թե հայաստան են գալիս, այլ տարածաշրջան, Վինսենտը ոչ Ադրբեջան, ոչ էլ Վրաստան գնալու մտադրություն չունի։

«Այստեղ պատմություն կա։ Ես դրա համար եմ եկել այստեղ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց երիտասարդը։

Հայերի մասին Վինսենտը պատմում է այնպես, ինչպես բոլոր այն ժողովուրդների մասին, որոնց հանդիպել է իր ճանապարհորդությունների ընթացքում։

«Սիրում եմ բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից։ Ճանապարհորդում եմ, որ հանդիպեմ մարդկանց։ Ինձ համար ամենակարեւորը մարդիկ են։ Ես վատ մարդու չեմ հանդիպել։ Ես ճանապարհորդ եմ։ Բուլավաներն են իմ եկամտի աղբյուրը։ Այսպիսին է իմ խենթ կյանքը»,- NEWS.am-ին պատմեց Վինսենտը։