«Մենք հայտնել ենք մեր համագործակցության պատրաստակամությունը, հանդիպել ենք Էդվարդ Միլիտոնյանի հետ և առաջարկել ենք, որ Հայաստանի գրողների միությունը իբրև մայր կառույց, որը միշտ վայելել է մեր հարգանքը, համակրանքը, նոր պայմաններում նորոգվի: Առաջարկել ենք նոր կառուցվածք Հայաստանի գրողների միության համար, քանի որ այն կառուցվածքը, որն այսօր մենք ունենք, ձևավորվել է Ստալինի օրոք և բացարձակապես չի համապատասխանում նորօրյա պայմաններին»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Ափինյանը, որը, հիշեցնենք, հակամարտության մեջ էր Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի հետ, նշեց, որ նոր նախագահի ընտրությունը ճիշտ է, արդար է եղել, ոչ մեկը չի վիճարկել ընտրությունը, խնդիրը միայն այն է, որ Միլիտոնյանը եւ մյուս գրողները դիտորդի կարգավիճակ չստանձնեն։ Նա կարծում է, որ գրականության ճակատագրով մտահոգված բոլոր անձինք, բոլոր գրողները պետք է աջակցեն Հայաստանի գրողների միությանը եւ նրա ղեկավարությանը «այս դժվար պահին»:
Ափինյանի խոսքով՝ դեմոկրատացման, այլախոհության, այլակարծության, բազմաբևեռության մեր ժամանակներում Հայաստանի գրողների միությունը գործում է իբրև միաբևեռ կառույց, ինչն անհասկանալի է, և ծնում է հակասություններ, վեճեր, որը Ափինյանի կարծիքով՝ հարմար չէ մտավորական խավին:
Աբգար Ափինյանն ասաց, որ ապագան ցույց կտա, թե որքանով են արդարացված իրենց հույսերը, բայց ինքը համակված է լավատեսությամբ և լավ օրեր է կանխատեսում և՛ Հայաստանի գրողների միության, և՛ Երևանի գրողների միության, և՛ առհասարակ ողջ գրականության համար:











