23-ամյա Ահարոն Խաչատրյանն այսօր` հոկտեմբերի 25-ին, Օղակաձև այգում հաջությամբ կատարեց Watherline-ի ռեկորդի փորձը։

Նա քայլեց ջրի վրա կապված 29 մետր երկարությամբ ժապավենի վրայով: Ռեկորդը կգրանցվի Հայաստանի «Դյուցազնագրքում» և իր տեսակի մեջ առաջինը կլինի Հայաստանում: «Ռեկորդը սահմանեցի, որ լուսաբանվի, մարդիկ լրատվությամբ լսեն, իմանան այս սպորտաձևի մասին, ճանաչեն մեզ»,-ասաց Ահարոն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Վոթերլայնը սլեքլայնի տեսակ է, այս մարզաձեւի մասին Հայաստանում քչերը գիտեն: Սլեքլայնում կանոնները նույնն են, բայց ժապավենը ջրի վրա չեն կապում։ Ահարոնը մեկ ու կես տարի առաջ է սկսել դրանով զբաղվել: Նրա ջանքերով ստեղծվել է «Step Slackliners» խումբը: Չնայած 10 հոգանոց խմբում նոր անդամներ չեն ավելանում, Ահարոնն ասում է, որ չեն նահանջելու ու ամեն կերպ մարդկանց մեջ հետաքրքրություն են մցնելու սլեքլայնի նկատմամբ:

Սլեքլայները վստահեցնում է, որ ժապավենի վրա ուղիղ քայլելը շատ դժվար չէ, պարզապես պետք է ազատվել դրա վրա կանգնելու վախից: Ֆիզիկական մեծ ուժ չպահանջող մարզաձևում կարևոր է ճկունությունն ու համբերատարությունը: