Ախալքալաքում ակտիվիստ Չախալյանի հետ հանդիպումից եւ վեճից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն փորձում են դատել երեք սուբյեկտներ՝ «Պուտին-Մեդվեդեւը, Իվանիշվիլին եւ Չախալյանը»։
«9 տարի առաջ՝ Շեւարդնաձեի օրոք, այս շրջանում անգամ դրոշ չէր ծածանվում։ Տեսեք մենք ինչ վրացական դպրոց կառուցեցինք, հրավիրեցինք վրացերենի ուսուցիչների, եւ երեխաներն այստեղ վրացերեն են խոսում, ու որ ամենակարեւորն է՝ վրացական գիտակցություն է ձեւավորվել։ Այստեղ սկսվեցին խոշոր ծրագրեր՝ երկաթուղի, գազ անցկացրին։ Իրոք, Ախալքալաքը Վրաստանի իրավասության տակ վերադարձավ, ինչը Թբիլիսիում գրեթե ոչ ոք չնկատեց։ Բայց ես հո գիտեի՝ ինչ էր այստեղ կատարվում։ Այսօր այդ հանցագործ Չախալյանի հռետորաբանությունը չգիտես ինչու համընկնում է իշխանության հռետորաբանությանն այն հարցում, թե պարզվում է՝ մենք քանդեցինք երկիրը, քանդեցինք այստեղ ամեն ինչ։ Պարզվում է՝ հսկայական երկաթուղին կառուցելը քանդել էր։ Նա ասում է, որ հարկավոր է դատել Սահակաշվիլիին։ Սահկաշվիլիին դատել են պահանջում երեք սուբյեկտներ՝ «Պուտին-Մեդվեդեւը, Իվանիշվիլին եւ Չախալյանը»
Դա ոչնչի մասին չի՞ խոսում: Մնացել է սեպարատիստների մի փոքր խումբ:
Վրաստանի կառավարությանը կոչ եմ անում դադարեցնել այդ վտանգավոր խաղերը, քանի որ ամեն ինչ մանրուքներից է սկսվում, եւ հետո ամեն ինչ կվերադառնա մեզ: Ատելությունը կամ արտասահմանյան հանձնարարությունը չարժեն, որ այդքան վնաս հասցվի Վրաստանի անվտանգությանը: Սա իմ վերջին նախազգուշացումն է, որը որպես խորհուրդ թողնում եմ Վրաստանի կառավարությանը: Մի վերադարձրեք մեզ Շեւարդնաձեի ժամանակաշրջանը, մի տարեք մեզ դեպի քաոս», - հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ախալքալաք այցի ընթացքում կոնֆլիկտ է տեղի ունեցել Սահակաշվիլիի եւ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի միջեւ:
Սահակաշվիլի-Չախալյան հանդիպումը բուռն է անցել. քիչ է մնացել բանը հասնի բռունցքների
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտնել էր, որ Չախալյանի ազատության նպատակը «Ջավախքում խռովություններ առաջացնելն էր եւ այդպիսով Վրաստանը եվրոպային կապող երկաթուղու (Բաքու-Ախալքալաք-Կարս) շինարարությանը խանգարելը»:











