Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հոկտեմբերի 26-ին համագումարից առաջ լրագրողների հետ հարցազրույցում մեկնաբանել է երիտասարդ կոմպոզիտորների շարքում վրդովմունք առաջացրած իր հայտարարությունը։

«Ես թշվառ չեմ ասել, ասել եմ թշվառական գործողություններ։ Ասել եմ նաև մոլորյալներ։ Ես գտնում եմ, որ մոլորյալն այն մարդն է, ով իր հիմնական ճանապարհից հեռանում է, իսկ հեռանում է վերադառնալու համար։ Ես էնտեղ ասել եմ ապուշացած մարդ, ինչո՞ւ չեք ասում էդ բառը։ Եթե կուզեք, դա կոմպլիմենտ է մարդուն, որովհետև ապուշանալ կարող են միայն խելացի մարդիկ»։

Լրագրողների հարցին, թե ինչու է որոշել նախագահի ընտրությունը համագումարի առաջին օրը չանցկացնել, Ամիրխանյանը պատասխանել է.

«Մենք ուզում ենք ժողովրդին տալ հնարավորություն խոսել բոլոր ցավոտ հարցերի մասին»։ Ըստ Ամիրխանյանի՝ անհրաժեշտության դեպքում երրորդ օրը նույնպես կտրամադրեն միության անդամների ելույթներին։

Արամ Սաթյանի այն տեղեկությունը, որ երկու օրում Կոմպոզիտորների միության 10 անդամ է ավելացել, Կոմպոզիտորների միության նախագահը «սուտ» անվանեց։

Ամիրխանյանը լուրջ չի վերաբերվում երիտասարդ կոմպոզիտորների տարածած բաց նամակին՝ դրա տակ ստորագրությունները համարելով «ստահոդ». «Առաջարկում են ստորագրել մի բանի համար, ստորագրությունները ներկայացնում են մեկ այլ բանի համար։ Ճղճիմ է սա։ Երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե որտեղ է Կոմպոզիտորների միությունը, և ինչ են անում այնտեղ»։

Իր լեգիտիմությունը կասկածի տակ դնող կոմպոզիտորների փաստարկներին Ամիրխանյանը խոստացավ պատասխանել համագումարի ընթացքում։