Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանն այդ անիմաստ եւ անհեռանկար, զուտ Ռուսաստանի շահերից բխող, սեփական շահն օգտագործելու համար ստեղծված Մաքսային միության անդամ չլինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ համագումարի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն:

Նա կարեւորեց, որ պետք է լինի ծրագիր, ըստ որի՝ թեկուզ ոչ Վիլնյուսում, այլ հետագայում Հայաստանի ապագան ներկայացնող երիտասարդությունը հնարավորություն ունենա ապրել եվրոպական, համամարդկային արժեքներին համահունչ կյանքով։   

Դուք ձեզ համարո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդը հարցի մեջ Ա․Սարգսյանը ենթատեքստ նկատեց եւ այսպես պատասխանեց․ «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ զոհվածի հետեւից ոչ թե վրեժխնդիր է պետք լինել, այլ նրա կիսատ թողած գործը շարունակել։ Ես իմ պարտքն եմ համարում իմ համեստ ունակությունների չափով այդ գործը շարունակել»։ Դիտարկմանը, թե Վ․Սարգսյանը ռուսամետ էր, իսկ դուք, կարծես, արեւմտամետ եք, Ա․Սարգսյանը նշեց, որ այդպես կարող են մտածել նրանք, ովքեր քիչ են ճանաչել Վազգեն Սարգսյանին եւ այն ուժերը, ում ձեռնտու է այդպես համարել։

«Մարդկանց պետք չէ դասել արեւմտամետների կամ ռուսամետների, Վ․Սարգսյանը գործում էր հանուն ՀՀ շահի, եւ ես էլ աշխատում եմ այդպես գործել»,- ասաց նա:

«Եթե դուք մտածում եք, որ Վազգեն Սարգսյանը կհամաձայներ, որ Հայաստանն ինչ-որ Եվրասիական միության անդամ դառնար կամ ռուսական չինովնիկները գային այստեղ եւ մեծ-մեծ խոսեին, որ հայկական բանակի փոխարեն ՀԱՊԿ-ն պիտի ներկայացնի Հայաստանը ՆԱՏՕ-ում, դուք չարաչար սխալվում եք»,-ասաց Արամ Սարգսյանը եւ հորդորեց կարդալ Վ․Սարգսյանի հարցազրույցները, որտեղ, ըստ նրա, կան Եվրասիական միությանը միանալու վերաբերյալ իր դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանն ազատ տնտեսության, հավասար մրցակցության կողմնակից մարդ էր, իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանն, ապա, ըստ նրա, այն, ի տարբերություն Մաքսային միության, կայացած կառույց է։ «Մենք ուզում ենք ընտրություն կատարել մի հարցում, որտեղ մենք մի բան ենք ուզում, մյուսում մեզ պարտադրում են։ Ես դեմ եմ ցանկացած պարտադրանքի՝ հատկապես, եթե այն ապագա չունի»,- ասաց նա։