ՀԱԿ-ի հետ ունենք որոշակի ընդհանրություններ, ունենք նաեւ տարբերություններ, կյանքը ցույց կտա կհամագործակցենք, թե՝ ոչ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ից հրավիրվածներ չկան, Զուրաբյանը պատասխանեց. «Հարցը տեղին չէ, որովհետեւ նրանք իրենք որոշել են, որ ՀՀՇ անվանումով կուսակցություն անհրաժեշտ չէ, որ գոյություն ունենա, իսկ մենք այդ կարծիքին չենք, այսքանով ամեն ինչ ասված է»:

Արարատ Զուրաբյանը որեւէ մտահոգություն չունի, որ ՀԱԿ-ը կարող է խոչընդոտել իրենց գործունեությանը՝ նշելով, որ իրենց պայքարը ոչ թե ՀԱԿ-ի դեմ է, այլ այս ապօրինի իշխանությունների, եւ հենց այդտեղ է նրանց ընդհանրությունները, «նոր ՀՀՇ-ն պայքարելու է երկրում իրավիճակը շտկելու ուղղությամբ»։

NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետին տեսնենք համագումարին՝ հաշվի առնելով, որ նա ներկա է եղել Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձին, նա պատասխանեց. «Վարչապետին կարող եք գնալ եւ տեսնել կառավարության շենքում, իսկ իմ հաջորդ ծննդյան տարեդարձին ձեզ էլ եմ  հրավիրում: Արտառոց բան չկա, երբ մարդիկ, ունենալով տարբեր հայացքներ, նստում են իրար հետ մի սեղանի շուրջ։ Ավելին՝ մենք պայքարելու ենք, որ այդ վարչապետն իր կառավարության հետ հեռանա իշխանությունից»,- ընդգծեց նա։ 

Անդրադառնալով ընդդիմության վիճակին՝ Արարատ Զուրաբյանն ասաց, որ ընդդիմության այն հատվածը, որը ռուսամետ է, չի կարող ակտիվորեն պայքարել իշխանության դեմ, քանի որ նրանց քայլերն ու ծրագրերը նույնն են, իսկ այն հատվածը, որը ռուսամետ չէ, դեռեւս անհրաժեշտ բավարարին չի հասնում, ուստի, ըստ նրա, իրենք փորձելու են այդ բացը լրացնել։