ՀՀՇ նախկին ղեկավարությունը որոշում կայացրեց լուծարել կուսակցությունը, իսկ մենք դա չենք հանդուրժում, որովհետեւ մենք պատասխանատվություն ենք կրում բոլոր նվաճումների եւ սխալների համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ հիմնադիր համագումարի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։

«Մենք ամաչելու բան չունենք, սա մեր կյանքի զգալի մասն է, եւ մենք չենք կարող հրաժարվել մեր կենսագրությունից, իսկ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, այստեղ նեղացած մարդ չկա, այստեղ կան քաղաքական գործիչներ, ովքեր 88-ից սկսած, հավատարիմ իրենց գաղափարական արժեքներին, շարունակում են պայքարել»,- նշեց նա։ 

ԱլեքսանդրԱրզումանյանը չհամաձայնեց տեսակետին, թե այսօր ընդդիմությունը հայտնվել է ծանր վիճակում: «Իրար հաջորդող համապետական երկու ընտրություն է տեղի ունեցել, նաեւ Երեւանի ավագանու ընտրություն, եւ երեքում էլ ընդդիմությունը պարտություն է կրել, եւ որպես պարտություն կրած ուժեր, ճիշտ հասկացեք, չեմ խոսում ընտրությունները կեղծելու մասին, հիմա պետք է մտածեն փոփոխությունների մասին, թե հաջորդ էտապում ինչպես պետք է գործել»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե համամի՞տ եք, որ հայաստանյան ընդդիմությունը թույլ է, ՀՀՇ վարչության անդամը պատասխանեց. «Այո, ընդդիմությունը թույլ է, բայց Հայաստանում ամեն ինչն է թույլ՝ ոչ լեգիտիմ նախագահ, ոչ լեգիտիմ Ազգային ժողով, տկար երկիրն ունի տկար իշխանություն եւ այդ տկար իշխանությանը համապատասխան տկար ընդդիմություն»։ 

Ալեքսանդր Արզումանյանն ասաց նաեւ, որ իրենք ցանկություն ունեն համախմբելու միայն լիբերալ ընդդիմությանը, եւ ոչ ամբողջ ընդդիմությանը։ «Ես չեմ ցանկանում միավորել երեք կոմունիստական կուսակցությունները եւ ինչ-որ գործունեություն ծավալել, որովհետեւ ես այդ գաղափարախոսությունը մերժելի եմ համարում»,- նշեց նա։