ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի նամակին դերասան Երվանդ Մանարյանը լուրջ չի վերաբերվում։ «Իրեն լուրջ բանի տեղ կարելի էր դնել, եթե նա հանկարծ մի անգամ էդպես մի բան արած լիներ, բայց մենք հիշում ենք, նա էս վերջին 20-25 տարվա ընթացքում միշտ էդ կարգի բաներով է հանդես եկել: Նրա մոտ սովորույթ է։ Նստել, 10 էջանոց նամակ գրել՝ անլուրջ է։ Թեև ինքը գիտակ մարդ է, շատ հարցերին մոտիկ կանգնած մարդ է, բայց սիրում է էդ տեսակ բաներ անել»,- NEWS.am-ին ասաց դերասանը։

Երվանդ Մանարյանի խոսքով՝ միայն պատմությունը ցույց կտա, թե ինչու է Զորի Բալայանը նման քայլ արել. «Մարդ է, հանկարծ խելքին փչեց, արեց, կամ էլ թելադրանք էր, որ կատարեց, դա էլ կարող է լինի»։

Մանարյանը նաեւ չբացառեց, որ գուցե Զորի Բալայանը ինչ-որ բան գիտի և ուզում է առաջ ընկնել, որ հետո ասի, թե՝ ես եմ սկսել:

«Համենայն դեպս, հեղինակը այն մարդն է, որ մեր հասարակությունը նոր ճանապարհ դուրս գալուց անմիջապես հետո գնաց աշխարհով մեկ ծովերով սկսեց ֆռալ-ֆռֆռալ»,- ասաց դերասանը։

Դերասանի խոսքով Սովետական իշխանությունը մի տեսակ ոտքի տակ տրորեց «մտավորական» հասկացությունը, նրանք բոլորը դարձան իշխանություններին հլու մարդիկ, որովհետև այն հասարակարգում իշխանությունների ձեռքից էին նրանք իրենց բաժինը ստանում. «Այդ սովորույթը մնաց նրանց մոտ, ու հիմա էլ է այդպես»:

«Իշխանությունն ասում է՝ եկեք իմ կողքին կանգնեք, ես ձեզ ապահովեմ: Մարդ կա, որ կգնա կկանգնի, մարդ կա, չի կանգնի: Չի ուզում կանգնի իշխանությունների կողքին, թեև չի նշանակում, որ իշխանությունների թշնամի է, բայց ուրիշ մոտեցում ունենալ, ուրիշ կերպ մտածել, ուրիշ ճանապարհ փնտրել հո կարելի՞ է», - ասաց դերասանը։