Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում ավարտվեց Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հերթական համագումարի առաջին օրը։ Երբ կլինի Միության նախագահի ընտրությունը, այս պահին պարզ չէ։ Միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարեց, որ ընտրությունները տեղի կունենան նախատեսվածից մեկ օր անց:
Ինչպես արդեն տեղեկացրել էր NEWS.am-ը, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում վաղուց խռովություն է հասունանում: Մեր նկարահանող խումբը համագումարից առաջ զրուցեց միության ընդդիմադիր կողմը ներկայացնող նախագահի թեկնածու, կոմպոզիտոր Արամ Սաթյանի հետ, որն առանձնապես ոգեւորված չէր առաջիկա ընտրության առիթով եւ արդեն լուրջ խախտումների մասին է խոսում. «Արդեն սկսեցի զարմանալ, երբ իմացա, որ անսպասելիորեն վերջին 10 օրում միության անդամները ավելացել են 8-ով։ Ես նաեւ զարմացա, երբ այսօր իմացա, որ ռեւիզիոն հանձնաժողովն այսօր ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի մասին մենք տեղյակ չենք»։
Արդեն մեկ տարուց ավելի պարոն Ամիրխանյանը անպատասխան է թողնում Դիլիջանի ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչելու հարցը, իսկ նրա որդուն՝ Արա Միրզոյանին, մեղադրում վերոհիշյալ կառույցը ապօրինաբար վաճառելու փորձերի մեջ: «Դա Ռոբերտ Ամիրխանյանի հերթական կեղտոտ սուտն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Միրզոյանը։
Ինչպես սպասվում էր, միության համագումարը զերծ չմնաց տհաճ բախումներից, որին կոշտ արձագանքեց Ռոբերտ Ամիրխանյանը. «Միանգամայն բացահայտ է, որ այստեղ կա կոմպոզիտորների միության համագումարը տապալելու ծրագիր... Ինձ մոտ զգացողություն է, որ մեր միություն արդեն ինքնափլուզման մեջ է»:
Թեժ բանավեճ ծավալվեց օրակարգային ծրագրի ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելու ընթացքում։ Ռեւիզիոն հանձնաժողովն ամեն կերպ փորձում էր խուսափել ֆինանսական հարցերի թափանցիկ քննարկման՝ կոմպոզիտորների պահանջից։
Ընդդիմադիր կոմպոզիտորների լիազորված անձն այդպես էլ չկարողացավ օգտագործել ելույթի իր իրավունքը: Դրան ընդդիմացավ կոմպոզիտորների ամիրխանյանական թեւը: Իր ելույթից անմիջապես հետո Ռոբերտ Ամիրխանյանը ցուցադրաբար լքեց դահլիճը:
Այնուամենայնիվ, հեթական համագումարն ուներ նաեւ դրական կողմեր` նախագահի հրամանագրով հայ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի վաստակի համար, ինչպես նաեւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն արժանացան Աննա Արեւշատյանը, Յուրի Գեւորգյանը, Կարինե Խուդաբաշյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Կարինե Ջաղացպանյանը, Էդուարդ Սադոյանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվեց Գագիկ Հովունցը։











