Երեւանում հոկտեմբերի 26-ին իր աշխատանքներն ավարտեց պլաստիկ վերականգնողական ու էսթետիկ վիրաբուժության չորրորդ միջազգային կոնգրեսը: Արդյունքները ամփոփելիս ողջ աշխարհից ժամանած հայտնի բժիշկները նշել են, որ իրենց հաճելի էր հավաքվել միասին ու քննարկել մասնագիտական նրբություններ, քանի որ տարբեր երկրների բժիշկներ տարբեր մեթոդներ են կիրառում եւ դրանով իսկ շատ հետաքրքիր են միմյանց։
Մասնավորապես, Յելի համալսարանի ուռուցքաբանության կենտրոնի մելանոմայի ծրագրի ղեկավար, պրոֆեսոր, պլաստիկ վիրաբուժության բնագավառում ականավոր բժիշկ Ստեֆան Արիյանը նշեց. «Կան բաներ, որոնք ես գիտեմ, ու Գագիկը (Կոնգրեսի նախագահ) ու նրա ընկերները սովորում են ինձանից, սակայն նրանք չգիտեն, որ կան բաներ, որ իրենք գիտեն, ես չգիտեմ ու ցանկանում եմ սովորել իրենցից:
Ռուսաստանի բժիշկ-կոսմետոլոգ Ելենա Կորչագինան նշեց, որ եղել է Da Vinchi բժշկական կենտրոնում, ծանոթացել գործընկերների աշխատանքներին ու հաճելի զարմացել է՝ տեսնելով, որ կենտրոնում հիանալի անձնակազմ է աշխատում, կիրառվում են նորագույն մեթոդներ: Նա նաեւ նշել է, որ իր ցուցադրած նոր մոտեցումները մեծապես հետաքրքրել են հայ գործընկերներին:
«Նման կոնգրեսներն անց են կացվում փորձի փոխանակման համար, ինչ-որ նոր բան ներկայացնելու համար, յուրաքանչյուրը ներկայացնում է իր աշխատանքը: Այստեղ շատ հետաքրքիր զեկույցներ ներկայացվեցին եւ վերականգնողական վիրաբուժության, եւ պլաստիկ վիրաբուժության, եւ ինվազիվ մեթոդների վերաբերյալ, ճարպի հեռացման ու փոխպատվաստման վերաբերյալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ կոնգրեսը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին: Քննարկման հիմանական թեման «Պլաստիկ վիրաբուժության ինովացիոն տեխնոլոգիաներն» էին:
Կոնգրեսի եռօրյա աշխատանքների ընթացքում անցկացվեցին ինը դասախոսություններ եւ ընթերցվեցին առաջատար մասնագետների 56 գիտական զեկույցներ: Տեղի ունեցան քննարկումներ վերականգնողական էսթետիկ վիրաբուժության, դերմատոկոսմետոլոգիայի ասպարեզում նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների կիրառման ու ներդրման հարցերի շուրջ, վնասվածքների, հետայրվածքային վիճակների, բնածին արատների, ինչպես նաեւ տարիքային ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդների արդյունավետ կիրառման մասին: Կոնգրեսին մասնակցեցին ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:
Պլաստիկ վիրաբուժության միջազգային թվով չորրորդ կոնգրեսի կազմակերպիչը պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցացիան է վրացի գործընկերների համագործակցությամբ՝ նման միջոցառումների անցկացման գործում մասնագիտացած Zita Congress կազմակերպության հետ համատեղ:
Երեւանում ընթանում է պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսը:
Լուսանկարները Արսեն Սարգսյանի





























