Հոկտեմբերի 27-ի 14-րդ տարելիցին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ` Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ դրեցին Ազգային ժողովի նախագահը,  պատգամավորները, նաև զոհված քաղաքական գործիչների հարազատներ։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անձամբ դիմավորեց Կարեն Դեմիճյանի այրուն՝ Ռիմա Դեմիրճյանին, ամբողջ ժամանակ նրա կողքին էր, արարողության ավարտին էլ ճանապարհեց մինչև մեքենա։

Ռիմա Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, բոլոր ներկաներին նրա համար, որ հերթական անգամ հավաքվել են՝ հարգելու նահատակների հիշատակը, եւ որ այդ արարողությունը դարձել է ավանդույթ։ Տիկին Դեմիճյանը հույս հայտնեց, որ այս ավանդույթը կփոխանցվի սերնդից սերունդ և կվկայի այն մասին, որ հոկտեմբերի 27-ը չունի վաղեմության ժամկետ, միշտ հիշվելու է և չի ներվելու։

Լրագրողների այն հարցին, թե ինչու մյուս զոհերի հարազատներ ներկա չեն, տիկին Դեմիրճյանն ասաց. «Ես չէի սպասում այդպես, որովհետև չի կարելի, դա իսկական մարդկային և պետական մոտեցում է և գնահատել պետք է, ես չգիտեմ ով ինչպես, բայց ես գնահատում եմ»։

Հիշեցնենք, որ 1999թ. 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ եւս 6 մարդ։ Մոտ 4 տարի տեւած դատավարության արդյունքում ոչ մի նոր բան չհաջողվեց պարզել այդ ոճրագործության կազմակերպիչների մասին: