Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցին «Եռաբլուր» պանթեոն սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելեցին նրա ընտանիքի ընդամները։ Մայրը՝ տիկին Գրետան, որը դժվարությամբ էր քայլում, ասաց, որ ամեն տարվա նման այսօր էլ հրավեր է ստացել՝ ներկա գտնվելու խորհրդարանի այգում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշակոթողին ծաղկադրման արարողությանը, սակայն չի գնացել առողջական վիճակի պատճառով։
«Ես ամեն տարի գնացել եմ, միայն անցած տարի և այս տարի առողջական վիճակիս պատճառով չկարողացա գնալ, զանգել, ներողություն եմ խնդրել։ Չեմ կարող ասել, թե ինչու մյուս զոհերի հարազատները չեն գնացել»։
Բոլոր ներկաները՝ հարազատները, ընտանիքի մտերիմները, Վազգեն Սարգսյանի մարտընկերները, մոտենում, համբուրում էին տիկին Գրետային, մխիթարում, գոտեպնդում։
«Մատաղ լինեմ, սև լիներ էդ օրը, բալա։ Իմ հզոր բալա։ Ափսոս Վազգենն ու իր տղաները, ափսոս, իմ քայլող սպարապետ»,- որդու շիրիմի մոտ արտասվելով ասում էր տիկին Գրետան։
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ասաց, որ ինքը չի համակերպվել եւ չի համակերպվելու կատարվածի հետ. «27-ը բացահայտվելու է։ Իրենք էլ գիտեն, որ բացահայտվելու է։ Իրենք էլ գիտեն, որ էս 5-ը չի, հետևում ուրիշ մարդիկ կան կանգնած»։
Հիշեցնենք, որ 1999թ. 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Մոտ 4 տարի տեւած դատավարության արդյունքում ոչ մի նոր բան չհաջողվեց պարզել այդ ոճրագործության կազմակերպիչների մասին:











