Մայրաքաղաքի կենտրոնով այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շքերթով անցան թափոններից պատրաստված կենդանիների դիմակներով և զգեստներով մոտ 500 պատանիներ:
«Արևորդի» բնապահպանական փառատոնի մասը դարձած կենդանիների դիմակահանդես-շքերթը 4-րդ անգամ էր անցկացվում: Մասնակիցները հանրապետության 6 մարզերի (Արմավիր, Գեղարքունիք, Արարատ, Տավուշ, Կոտայք, Լոռի) կրթական համալիրների 10-15 տարեկան սաներ էին: Փոքրիկներն իրենք էին ընտրել կենդանուն, պատրաստել հագուստները:
Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա շքերթն անցավ Գերմանիայից ժամանած սամբայի «Կոնֆուսաո» խմբի գլխավորությամբ:
«Դիմակահանդեսի շքերթից առաջ տարվող աշխատանքն ավելի մեծ ու կարևոր նշանակություն ունի: Այն, ինչ երևում է, դա աշխատանքի միայն արտաքին հատվածն է: Փոքրիկներն ամբողջ ընթացքում սովորել են, ստացել են այնպիսի տեղեկություններ, որոնք կօգնեն իրենց ավելի բնապահպան լինել»,- ասաց «Արևորդի» փառատոնի մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Շքերթի նպատակը կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին բարձրաձայնելն էր, ինչպես նաև անցորդներին հիշեցնելը կենդանիների գոյության և նրանց իրավունքների մասին: Այն ավարտվեց Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգով:











