Չեչնիայում ՌԼԴԿ անդամները վրդովված են Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարություններով եւ այդ կապակցությամբ ծրագրում են լքել կուսակցության շարքերն ու անդամակցել Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությանը: Նման սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ՌԼԴԿ Չեչենական տարածաշրջանային բաժանմունքի համակարգող Ադլան Շամսադովը՝ Life News-ին տված բացառիկ հարցազրույցում:

 «Կարծում եմ՝ գործընկերներիս 70–80 տոկոսը կհեռանան կուսակցությունից, չնայած որ իրավաբանական տեսանկյունից դա շատ դժվար կլինի ձեւակերպել: Կարող եմ վստահեցնել, որ կուսակիցներից մեծ մասը պատրաստ է հեռանալ կուսակցությունից եւ միանալ ընդդիմադիր կուսակցությանը, որը մեզ մոզ ՌԴԿԿ-ն է»,ասել է Շամսադովը:

«Այսուհետեւ անհնար ենք համարում լինել մի կուսակցության անդամ, որի ղեկավարը հանդես  է գալիս ֆաշիստական գաղափարախոսությամբ»,-Շամսադովի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Մինչ այդ, ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», ՌԼԴԿ-ում հաղորդում են, որ Չեչնիայի իրենց մասնաճյուղը շարունակում է գործել, իսկ համակարգողին ստիպել են նման հայտարարությամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ժիրինովսկին առաջարկել էր փշալար անցկացնել Կովկասի շուրջ  եւ արհեստականորեն նվազեցնել ծնելիության մակարդակը: Դրան ի պատասխան քննադատությամբ են հանդես եկել ինչպես Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, այնպես էլ Պետդումայի մի շարք պատգամվորներ: