Մարգարտյա զարդեր պատրաստող միջազգային NISHI PEARLS ընկերությունը, որի հիմնադիրը եւ տնօրենների խորհրդի նախագահը հայազգի Պիեռ Ակելյանն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենց հաճախորդների թվում բազմաթիվ ճանաչված հոլիվուդյան աստղեր կան։

Թանկարժեք մարգարիտներով պատրաստվող զարդերից մեկն այժմ կրում է հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպը։  Թայիթիից բերված սեւ մարգարիտով կաշվե վզնոցը ընկերությունը նվիրել է դերասանին Տորոնտոյի կինոփառատոնի ընթացքում։

Ընկերությունը դերասանին հրավիրել է իրենց զարդերի ցուցադրությանը եւ նախապես նվեր է պատրաստել նրա համար։ Շատ են զարմացել, երբ պարզել են, որ փաստորեն իրենք գուշակել են դերասանի ճաշակը։ Ջոնի Դեպը հանդիպմանը եկել է կաշվե մարգարտյա վզնոցով։

Ջոնի դեպն այդ ժամանակ նկարահանվում էր «Կարիբյան ծովահենները-3» ֆիլմում.  «Ասացի, շատ ուրախ կլինեմ, եթե այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ կրես զարդը»,- պատմեց Պիեռ Ակելյանը։

Նկարահանումների ժամանակ Ջոնի Դեպն այն, իհարկե, չի կրել, բայց Պիեռ Ակելյանը հպարտությամբ նշեց, որ դերասանին այն շատ է դուր եկել, եւ նա հաճախ է կրում վզնոցը։  

NISHI PEARLS ընկերության արտադարանքը ներկայացված է «Yerevan Show 20013» երրորդ միջազգային ոսկերչական էքսպո ցուցահանդեսում։ Առաջարկվող տեսականու մեջ կարելի է գտնել 50 դոլարից մինչեւ 150 հազար դոլար արժողությամբ զարդեր, բոլորը՝ բնական մարգարտիներով։ Ընկերությունը գործում է Կանադայում, մասնաճյուղեր ունի Հոնգ Կոնգում եւ Մոսկվայում։