Քաղաքապետարանի մոտ երեք ամիս նստացույց անող երեք երիտասարդների գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ Քաղաքապետարանի մոտ դեռ հավաքված են քաղաքացիական ակտիվիստները եւ սպասում են ընկերներին։
Քաղաքացիական ակտիվիստ Դվին Իսանյանսը NEWS.am-ին պատմեց, որ երեկ գիշեր մինչև ժամը մոտավորապես 01:00, եղել է քաղաքապետարանի մոտ նստացույց անող տղաների հետ: Հետո գնացել են, որ մեքենաների մեջ քնեն, որովհետև ցուրտ է եղել: «Ոստիկաններին էլ ասացինք, որ այստեղ ուշադիր եղեք, որովհետև ցուրտ է գնում ենք մեքենաների մեջ: Դրանից հետո ես ինձ լավ չէի զգում, գնացի տուն»,- ասաց ակտիվիստը:
Առավոտյան ակտիվիստները պայմանավորվել էին հանդիպել քաղաքապետարանի մոտ, բայց այստեղ գալով՝ նստացույց անողներին չեն գտել։ Երիտասարդների հեռախոսներն անջատված են, հարազատները նրանց մասին տեղեկություն չունեն։ Ակտիվիստները որոշել են, որ մեկ-երկու ժամից եթե տեղեկություն չլինի, դիմելու են ոստիկանություն:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է նստացույց անող քաղաքացիական ակտիվիստների՝ Վահագն Մինասյանի, Սուրեն Սահակյանի եւ Գոռ Առաքելյանի՝ քաղաքապետարանին ներկայացված 7-օրյա վեջնաժամկետը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ակտիվիստները հայտարարել էին, որ եթե մինչեւ հոկտեմբերի 29-ը քաղաքապետարանը իրենց պահանջը չկատարի, իրենք դադարեցնելու են նստացույցը եւ անցնելու են կտրուկ գործողությունների։











