22-ամյա Նարեկ Ավոյանը պարկուրիստ է, արդեն ինը տարի է, ինչ զբաղվում է պարկուրով. հնարքներն ու թռիչքներն ինքնուրույն է սովորել: Սկզբում թռչելը նրա համար ուղղակի հոբբի էր, իսկ այսօր արդեն 25 սան ունի:
Պարկուրի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ավոյանի խոսքով` պարկուրը սպորտաձեւ չէ, դա «խնդիրների ռացիոնալ հաղթահարման արվեստ է»:
«Սա արվեստ է, այստեղ մրցակցություն չկա, ամեն ինչ անում ես քեզ համար: Պարկուրը սովորեցնում է մարդուն երբեք չնահանջել եւ ամեն անգամ ընկնելուց հետո վեր կենալ եւ շարունակել ուղին: Եթե ուզում ես լինել բարձրության վրա, պետք է պատրաստ լինես նաև վայրէջքներին: Պարկուրը կյանքում շատ է օգնում»,- NEWS.am-ին պատմեց Նարեկը:
Նարեկ Ավոյանը ֆեդերացիան ստեղծել է երկու տարի առաջ, սկզբում պարկուրով հետաքրքրվողները քիչ են եղել, բայց պարկուրիստի խոսքով, նրանց թիվը գնալով մեծանում է. «Նոր մարդիկ են գալիս, մարդկանց գնալով ավելի շատ է հետաքրքրում պարկուրը: Ֆեդերացիայում կան 20-25 պարապողներ: Ունենք 9-ից 30 տարեկան աշակերտներ, սովորելու գալիս ես նաեւ աղջիկներ»:
Ֆեդերացիայի սաները պարապում են մարզադահլիճում, վտանգավոր հնարքները շատ են, եւ դրսում մարզվելու համար պետք է երկար սովորել: «Երբ ես էի սովորում, դրսում էի պարապում` պուրակներում, փողոցներում։ Երկու անգամ ոտքս վիրահատել են, դրա համար սաներիս հանդեպ ուշադիր եմ»,- ասաց Պարկուրի ֆեդերացիայի նախագահը:
Պարկուրը խոչընդոտների հաղթահարման արվեստ է շարժման միջոցով` օգտագործելով միայն մարմինը եւ շրջապատը: Այն ներառում է վազք, մագլցում, թռիչք: Պարկուրը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն հիմնադրել է Դևիդ Բելը 1980-ականներին Ֆրանսիայում։















