Թեղուտում վերջին օրերին մի քանի հեկտար անտառ է ոչնչացվել: Այս հարցի վրա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու համար այսօր` հոկտեմբերի 30-ին, Թեղուտի հարցով մտահոգ քաղաքացիները բաց նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Այս նամակով ցանկանում ենք նորից հանրայնացնել Թեղուտի խնդիրը: Ուզում ենք լսել պատկան մարմինների կարծիքը Թեղուտի հարցի հետ կապված»,- ասաց ակտիվիստ Լևոն Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նշելով, որ իրենք կառավարությունից պահանջում են բացահայտել, թե ինչի հիմքերով են արվել ծառահատումները:
Ոստիկանները ակտիվիստներին թույլ չտվեցին բարձրախոսով ելույթ ունենալ կառավարության շենքի դիմաց՝ պատճառաբանելով, որ այդպիսով խանգարում են կառավարության աշխատանքին: Ոստիկանների պահանջը անօրինական համարելով՝ ակտիվիստները շարունակեցին ելույթը, որից հետո ոստիկանության աշխատողներից մեկը մոտեցավ և նախազգուշացրեց, որ շարունակելու դեպքում կձերբակալեն ելույթ ունեցող Գևորգ Սաֆարյանին: Ոստիկանի պահանջը չկատարելու համար Գևորգ Սաֆարյանը բերման ենթարկվեց: Մի փոքր անց Երևանի ոստիկանության կենտրոնականի բաժին տարան նաև բարձրախոսը, ինչին բուռն արձագանքեցին ակտիվիստները՝ աղաղակելով, թե ոստիկանները գողանում են իրենց բարձրախոսը։
Ակտիվիստները ելույթը շարունակեցին առանց բարձրախոսի:
«Հարգելի... sorry, ոչ մի հարգելի»,- վարչապետին ուղղված նամակը սկսեց կարդալ Գայանե Բաբլոյանը։
Նամակը գցեցին կառավարության շենքի ընդունարանի առաջարկությունների և բողոքների արկղ։
Գևորգ Սաֆարյանին ազատ արձակեցին երեք ժամ անց:











