Հոկտեմբերի 31-ին առավոտյան 9:00-ից տրանսպորտի թանկացման դեմ պայքարող մի քանի տասնյակ ակտիվիստներ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև` մասնակցելու ժամը 11:00-ին կայանալիք ավագանու նիuտին: Քաղաքապետարանի առջև շղթա կազմած ոստիկաններն արգելում էին ակտիվիստների մուտքը շենք` պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա, եւ որ նիստին կողմնակի անձիք կարող են մասնակցել միայն քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով։
Ոստիկանների ասածը հաստատեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը: «Գալիս եք նիստից մի քանի րոպե առաջ ու պահանջում, որ ձեզ թույլ տան մասնակցել» ,- բացատրեց քաղաքապետարանի աշխատակիցը։
Ակտիվիստներից Գոռ Առաքելյանն ու Մաքս Սարգսյանն առարկեցին` հայտնելով, որ իրենք ժամը 9:00-ից այստեղ են: Արթուր Կարապետյանի դիտարկմանը, թե պետք է զգուշացնեիք, ինչու եք եկել, Մաքս Սարգսյանը նկատեց. «Կարո՞ղ ա գիտեք, եկել էինք սեմոչկա չրթեինք»։
Ակտիվիստները պնդում էին, որ դահլիճում տեղեր կան, բայց քաղաքապետարանը արհեստականորեն լցնում է այն աշխատակիցներով։
Արթուր Կարապետյանի հեռանալուց հետո շղթա կազմած ոստիկանները աստիճաններից հրելով իջեցրին ակտիվիստներին: Մոտ կես ժամ գետնին նստելուց հետո ակտիվիստները հեռացան` հայտարարելով, որ նոյեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, հավաքվելու են Մաշտոցի պուրակում` քննարկելու իրենց հետագա անելիքները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր առավոտվանից լարված իրավիճակ էր քաղաքապետարանի առջև: Ոստիկանները բերման էին ենթարկել ֆոտոլրագրող Դվին Իսանյանսին և շուրջ 100-օր նստացույցը երկու օր առաջ ավարտած Վահագն Մինասյանին:











