«Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով «Ազգային միացյալ նախաձեռնության» համակարգող, «7-ի գործով» դատապարտյալ Շանթ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում նստացույց է սկսել:

Շանթ Հարությունյանի խոսքով՝ «հեղափոխական բոլոր միջոցներով հեղափոխություն են անելու, որպեսզի երկիրը թշվառությունից դուրս գա»:

«Ես չգիտեմ, ովքեր կմիանան, կմիանան այն մարդիկ, որոնք երկիրը փրկելու ելքը տեսնում են հեղափոխության մեջ: Ես այստեղից կգնամ երկու դեպքում. երկու լուծում կա, կամ մենք հեղափոխությամբ կհասնենք մեր ուզածին, կամ ինձ այստեղից մահացած կտանեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային միացյալ նախաձեռնության» համակարգողը:

Շանթ Հարությունյանի կարծիքով՝ կանայք հեղափոխություն անողների մեջ չպետք է լինեն, «կինը միայն պետք է կիրք ու մոտիվացիա տա տղամարդուն»:

«Կանայք ինձ ասում են, որ մենք գալու ենք, քո կողքը բարիկադում կանգնենք, ես իրանց բոլորին խնդրել եմ, ասել եմ, որ դուք գործ չունեք հեղափոխության, առավել եւս պայքարների հետ: Ձեր դերը տղամարդու մեջ հերոս տեսնելն ա , հերոս փնտրելն ա: Դա ոչ թե միայն հայ կանանց է վերաբերվում, այլ ընդհանրապես աշխարհում, մարդկության պատմության մեջ տղամարդուն մոտիվացրել ա կինը: Տղամարդուն սենց թե նենց դաստիարակում ա կինը, ոչ միայն մայր իմաստով, այլ ուղղակի կին իմաստով, որովհետեւ բոլոր տղամարդիկ փոքր տարիքից ուզում են կանանց դուր գալ»,-  Օպերայի շենքի աստիճանների նստած պատմում էր Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսօր մեր երկրում աղջիկների երազած ճերմակ ձիով ասպետներ չկան, թշվառ երկրում ասպետներ լինել չեն կարող. «Չի կարա մի երկրում ասպետ լինի, եթե էդ երկրի վիճակը թշվառ ա: Ասպետներ պետք չի փնտրել, պետք է կերտել: Կանայք իրենց անձնական եսասիրական նկրտումները վերագրում են ասպետության, իսկական ասպետը չի կարողանա սենց թշվառ երկրում ընտանիք պահի, իսկ եթե չի կարողանում պահի, ուրեմն պետք ա պայքարի, եթե չի պայքարում, ուրեմն ինքը ասպետ չի»:

Հեղափոխության գնացող Շանթ Հարությունյանը ուզում է, որ հայ կանայք տղամարդկանց հերոս, ասպետ դարձնեն, եւ նրանց մղեն պայքարի: «Կանայք պիտի ասեն՝ գնա պայքարի, որ էս երկիրը դզվի, իմ կրթությամբ աշխատեմ: Տղամարդու մեջ պետք է փնտրի հերոսի, եթե նրա մեջ փնտրի ֆորդ արտադրողի, էդ մարդը պիտի օր ու գիշեր ֆորդ արտադրի, որ կնոջը բավարարի: Տղամարդիկ եթե դուրս եկան պայքարի, նրանք կկերտեն լավ երկիր, որ կանայք սիրեն իրենց, որովհետեւ իրանք էս երկիրը սարքում են իրանց կանանց եւ երեխեքի համար»,- եզրափակեց Շանթ Հարությունյանը: