Հայտնի է դարձել Լոս Անջելեսի օդանավակայանում կրակոցներ արձակած անձի անունը` 23-ամյա Պոլ Էնթոնի Չյանչյա: Ըստ լրատվամիջոցների` երիտասարդն օդանավակայանում ստուգումները համարել է սահմանադրական իրավունքի ոտնահարում, ինչպես նաեւ մտադիր է եղել վերջ տալ կյանքին:
Լոս Անջելեսի օդանավակայանի երրորդ սպասասրահում կրակոցները հնչել էին ժ. 09:30 -ին (20:30 –ին` Երեւանի ժամանակով):
Կրակոցներ Լոս Անջելեսի օդանավակայանում
Չյանչյան սպանել էր Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակից 39-ամյա Հերարդո Էրնանդեսին եւ վիրավորել եւս երկու մարդու: Ինքը եւս վիրավորվել էր ոտքից եւ դեմքից` օդանավակայանում հերթապահող ոստիկանների կրակոցից: Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի 2-րդ եւ 3-րդ սպասասրահները տարհանվել էին: Բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցվել էին: Ուղեւորների բեռները լրացուցիչ ստուգվել էին: Ըստ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության` Լոս Անջելեսի օդանավակայանում հետաձգվել էր 746 չվերթ:
Տեղի ժամանակով ժ. 19:00 –ի դրությամբ (06:00 ` Երեւանի ժամանակով), օդանավակայանի երրորդ սպասասրահը նախկինի պես փակ էր, հայտնում է «lenta.ru»-ն:
Քննությանը մոտ կանգնած աղբյուրնները հայտնել են , որ Չյանչյայի մոտ հայտնաբերվել է գրություն, որտեղ գրված էր, թե ինքը մտադիր է սպանել «TSA-ի աշխատակիցներին եւ խոզերին (pigs – ը ոստիկանների խոսակցական անվանումներից մեկն է)»: Ըստ Չյանչյայի`օդանավակայաններում TSA-ի աշխատակիցների կատարած ստոգումները ոտնահարում են իր սահմանադրական իրավունքները: Նա զինված է եղել 30 փամփուշտ ունեցող կիսավտոմատ հրացանով:
Պարզվել է նաեւ, որ Չյանչյան նախօրեին իր ընտանիքի անդամներից մեկին SMS էր ուղարկել, որտեղ հայտնել էր ինքնասպան լինելու իր մտադրության մասին: Չյանչյայի հայրը, որն ապրում է Նյու Ջերսիում, իմանալով այդ հաղորդագրության մասին, կապվել է Լոս Անջելեսի ոստիկանության հետ եւ խնդրել հեթապահներ ուղակել իր որդու տուն: Ոստիկանները խոսել են Չյանչյայի հարեւանների հետ եւ կասկածելի ոչինչ չեն նկատել:











