Ամբողջ աշխարհի կոլեկցիոներները հավաքվել են Նյու Յորքում` իրենց աչքերով տեսնելու «Վարդագույն աստղ» անունով ադամանդը, որը կարող է դառնալ աշխարհում ամենաթանկարժեքը:
Թանկարժեք քարերի գնահատողներն ամբողջ աշխարհում միայն «Վարդագույն աստղի» (Pink Star) մասին են խոսում:
Նոյեմբերի 1-ին Նյու Յորքում այն տեսնելու հնարավորություն էր ընձեռել Sotheby`s աճուրդի տունը: Աճուրդը նշանակված է նոյեմբերի 13-ին Ժնեւում:
Ըստ կազմակերպիչների` ադամանդը նվազագույնը 60 մլն դոլարով կգնեն: Բնության մեջ 100000 ալմաստներից միայն մեկն է վարդագույն լինում, հայտնում է ՆՏՎ-ն:
Sotheby’s-ի ոսկերչական բաժնի ղեկավար Դեյվիդ Բենեթը լրագրողներին պատմել է. «Ադամանդները գրավիչ են նրանով, որ միայն երջանիկ պատահականությամբ են մեզ հասնում: Դրանք ձեւավորվում են երկրի մակերեւույթից հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ եւ մարդկանց համար միանգամայն անհասանելի են: Դրանք գտնում ենք միայն հրաբուխների շնորհիվ, որոնք ինչ-որ ժամանակ ադամանդները արտաժայթքել են երկրի ընդերքից»:
«Վարդագույն աստղը» գտնվել էր 1999թ. Հարավային Աֆրիկայում, 2003թ. Մոնակոյի ցուցահանդեսում այն առաջին անգամ ներկայացվել էր հանդիսատեսին, իսկ 2007թ. վաճառվել էր անհայտ գնորդի:











