Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի բնակիչները նոյեմբերի 2-ին ոստիկաններին կանչել էին Կոմիտաս 5, որպեսզի դադարեցնեն շինարարությունը, քանի որ ՀՀ Վարչական դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Կոմիտաս 5-ում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարությունը, մինչև այդ գործը ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը:
«Շինարարությունը շարունակվում է, ոչ մեկ ոչ մի միջոց չի ձեռնարկում: Նույնիսկ հանգստյան օրերին են աշխատում, և աղմուկը կա: Չեն թողնում գոնե շաբաթ կիրակի հանգիստ ապրենք: Մենք բողոքում ենք, որ վերջապես այս որոշումը իրականացվի»,- NEWS.am-ին ասաց Կոմիտաս 5ա շենքի բնակչուհի Սուսաննա Թերզյանը:
Բնակչուհու խոսքով՝ առավոտվանից ոստիկանություն են կանչել, սակայն ոստիկաններն ասել են, որ դա իրենց գործը չի, դա հարկադիրի գործն է, որ պիտի գա, արգելի. «Սակայն հարկադիրն էլ չի գալիս, ոչ մի միջոց չի ձեռնարկում»։
Կոմիտաս 7-ի բնակչուհի Ռուզաննա Դեգոյանն էլ ասաց, որ իրենց շենքից 3 մետր հեռավորության վրա շինարարության վրա աշխատողների համար կառուցել են զուգարան, որից գարշահոտություն է լցվում իրենց բնակարանները:
«Ասում եմ ընկեր, մեր պատուհանների տակ զուգարան եք կառուցում, դա ի՞նչ է նշանակում: Հիմա մի քիչ ցրտել է, բայց էն ժամանակ ճանճերը մեր տան մեջ էին վխտում: Ոչ ինժեներ է գալիս, ոչ ճարտարապետ է գալիս, և վերջապես ոչ մի օրենքի մարդ, ներկայացուցիչ չի գալիս, որ տեսնի աշխատանքները ինչպես, ինչ օրենքների սահմաններում են կատարվում»,-ասաց բնակչուհին:
Շինարարությունն իրականացնող «Լիբեր» ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Աբրահամյանն էլ ասաց, որ իրենք ոչ մի դատարանի որոշում չեն ստացել: «Մենք միայն ստացել ենք որոշում մեզ որպես երրորդ կողմ նոյեմբերի 22-ին դատարան ներկայանալու համար, քանի որ բնակիչները դատի էին տվել քաղաքապետարանին»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Էդվարդ Աբրահամյանը:
Աբրահամյանը հուսահատված է, հոգնել է քաշքշուկներից. «Կես գնով ուզող լինի, կծախեմ։ Ինձ պարսիկի, թուրքի պես են վերաբերվում»,- դժգոհեց նա՝ նշելով, որ բնակիչներն իրենից նորակառույցում բնակարան են ուզում՝ պայքարը դադարեցնելու դիմաց։











