Նոյեմբերի 4-ին Մաշտոցի պուրակում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամների հերթական հավաքի ժամանակ NEWS.am-ի թղթակիցը նկատել է Սամվել Ալեքսանյանին աջակցող ակցիաների կազմերպիչ Ռոբերտ Ահարոնյանին, որը մի խումբ մարդկանց հետ նստած էր այգու սրճարանում։ Նախաձեռնության անդամների հավաքվելուն պես նրանք դուրս են եկել սրճարանից, Ահարոնյանն իր հետ սրճարանում նստածներից մի քանիսին հրահանգել է մոտենալ դեղին գլխարկներով ակտիվիստներին. «Գնացեք, մտեք մեջները»։

Պարզվել է՝ նրանցից մեկն ակտիվիստ Լեւոն Ստեփանյանի պապիկն է, մյուսը՝ քեռու որդին։ Վերջինի հրահրմամբ՝ ակտիվիստի պապիկը հանդիմանում էր թոռանը «Փակ շուկայի» դեմ ակցիաներին մասնակցելու համար, հորդորում դրա փոխարեն գնալ, աշխատել։

«Ես 80 տարեկան եմ։ Պղինձ եմ ծախել, դրան յուղ ու մեղրով պահել։ 27 տարեկան ա, մի կոպեկ ինձ փող չի տվել»,- բողոքում էր Լեւոնի պապիկը։

«Երեւի սաղ փողը տալիս ա, դրոշակներ ա առնում։ Խայտառակել ա մեզ, մենք էլ եկել ենք իրան խայտառակենք։ Սաղ ստեղ հավաքվածները աբիժնիկ են»,- վրդովված ասում էր մյուս տղամարդը. «Ազգանանունն էլ փոխեց, տոչնի իրա տուֆտա հերը դառավ»։

«Տարիներով մեր մասին չեք հիշել, էս ո՞նց ա հիմա հիշել եք։ Պապուս ինչի՞ եք բերել ստեղ»,- գոռում էր Լեւոն Ստեփանյանը։

Սամվել Ալեքսանյանի մարդիկ Մաշտոցի պուրակ էին բերել նաեւ Արմեն Ադամյանի հորը։ Հիշեցնենք, որ Արմեն Ադամյանը, որը Մասիսի բնակիչ է,  վերջերս հայտարարել էր, որ իրեն հետապնդում են։

«Ես տղա եմ կորցնում։ Տուն արի տղա ջան։ Էս մարդկանց ձեռքին մի դարձի զենք, քեզ օգտագործում են, քո հաշվին գրանտներ են ուտում։ Դու սխալ ուղու վրա ես»,- ասում էր Ադամյանի հայրը։

 Ընտանեկան վեճերը հրահրում ու ավելի էին թեժացնում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները։ Կռվին միջամտեցին ոստիկանները, ինչից հետո ակտիվիստները սկսեցին իրենց երթը։