«Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն նոյեմբերի 4-ին, ժամը 10:00-ից, Սայաթ Նովա 10/5  հասցեում փորձել է իրականացնել շինարարություն, սակայն բնակիչները միջամտել են, և շինարարությունը կասեցվել է:

Բնակիչները խլել են բանվորների գործիքները ու թույլ չեն տվել սկսել շինարարությունը։ Կարճ ժամանակ անց շինհրապարակ են եկել ոստիկանները եւ ինչ-որ տղամարդիկ, որոնք, ըստ բնակիչների, կառուցապատողի մարդիկ են եղել։  

«Ինչ-որ անհայտ տղամարդիկ են, ուզում են ինչ-որ բախում լինի երևի։ Իրենք կանգնած, մենք կանգնած։ Չենք հասկանում՝ ինչքան պիտի անորոշ վիճակում սենց կանգնած մնանք»,- NEWS.am-ին ասաց Սայաթ Նովա 10 շենքի բնակիչ Գոհար Կյուրեղյանը. «Եթե սա կառուցվի, մի հատ մեքենա չի կարողանալու անցնել, վաղը ոնց ա մի հատ հրշեջ մեքենա կամ շտապ օգնության մեքենա գալու: Մի քիչ բանականություն ունեցող մարդը, որ նայի այս տարածքին, կհասկանա, որ այստեղ հնարավոր չի որևէ բան կառուցել»:

Բնակչուհին ասաց, որ իրենք դիմել են քաղաքապետարան, իրենց խոսք էին տվել, որ հարցին տիրապետող մի քանի բնակիչներ հրավիրվելու են քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետի հետ քննարկեն խնդիրը:

Սայաթ Նովա 10/5 –ի շինհրապարակ էր եկել նաեւ քաղաքապետարանի քաղաքաշինության հողի վերահսկողության բաժնի պետ Արմեն Գրիգորյանը, որը հավաստիացրեց, որ շինարարությունը թույլտվություն ունի եւ օրենքով է իրականացվում։

Ժամը 16։00-ի մոտ Սայաթ Նովա 10/5  հասցե եկան «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները, ովքեր ամենօրյա ակցիաներ են կազմակերպում «Փակ շուկայի» պահպանման համար։ Նրանք եկել էին` աջակցություն հայտնելու բնակիչներին։

Ակտիվիստների հետեւից շենքի բակ էին եկել Սամվել Ալեքսանյանին սատարող մարդիկ, ովքեր պարզապես կանգնած հետևում էին ակտիվիստներին ու բնակիչներին: Այստեղ էր նաև «Մերսեդես G500» մակնիշի «HOV 555» համարանիշով սպիտակ մեքենան, որը, հիշեցնենք, ակցիայի առաջին օրերից, հետեւում է ակտիվիստներին։