Բաքվում բանակցությունների ընթացքում քննարկված հարցերից էր նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Երեկ մենք բանակցում էինք Բաքվում եւ հանդիպել ենք այդ երկրի նախագահին ու ԱԳ նախարարին: Նախագահների մակարդակում հանդիպման կազմակերպմանը կանդրադառնանք նաեւ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում»,-ընդգծել է Պոպովը:
Նա ընդգծել է, որ մոտ երկոը տարի առաջ կապերը եղել են ԱԳ նախարարների մակարդակում, մշակվել են առաջընթացի բավականին շատ ուղիներ: «Այժմ, մեր կարծիքով, որը կիսում են նաեւ ԱԳ նախարարները, ժամանակն է, որ հանդիպեն երկրների բարձրագույն ղեկավարությունները, որպեսզի հստակեցնեն դիրքորոշումներն ու կողմնորոշվեն, թե ինչպես աշխատել հետագայում»,-եզրափակել է Պոպովը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ընթացիկ տարվա ավարտին՝ դեկտեմբերին, նախանշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:











