Իրանի հանդեպ Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցների փաթեթին կարելի է սպասել մոտակա մի քանի շաբաթներին։ Այս մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, մարտի 30-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Օբաման խոստովանել է, որ պատժամիջոցները դեռեւս լիարժեք հավանություն չեն գտնում աշխարհում. «Մենք դեռեւս չունենք միջազգային հանրության աջակցությունը։ Եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք»։

Օբաման միեւնույն ժամանակ հայտնել է, որ Իրանի ընտրության հնարավորությունը բաց է մնում։ Սակայն, նրա խոսքով, Թեհրանը մտադիր չէ կանգնեցել իր միջուկային ծրագիրը, եւ որ Վաշինգտոնի համբերությունն արդեն հատում է։

Նիկոլա Սարկոզին իր հերթին հայտարարել է, որ Իրանը չի կարող շարունակել միջուկային զենքի «անմիտ մրցավազքը»։

Նախագահները քննարկել են նաեւ Աֆղանստանի հարցը։ Երկրների ղեկավարները չեն հստակեցրել, թե խնդրե՞լ է Օբաման Սարկոզիին ավելացնել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում։

Նիկոլա Սարկոզին, սակայն, աջակցություն է հայտնել Օբամայի աֆղանական նոր ռազմավարությանը եւ հայտարարել, որ աֆղանցի ժողովուրդն ազատության իրավունք ունի։