Ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման ենթարկելիս մեքենայի մեջ ծեծել են Շանթ Հարությունյանի որդուն։ Այս մասին NEWS.am-ին ասաց 14-ամյա Շահեն Հարությունյանը։ Նրա դեմքին եւ պարանոցին հարվածների հետքեր կային։
«Ինձ ծեծեցին ու հետո բերման ենթարկեցին, նստեցրին տաքսին ու տարան։ Ճանապարհին էլ ծեծեցին, ու էլ բան չեմ հիշում»,- պատմեց Շահենը։
Շահեն Հարությունյանին երեկ շատ կարճ թույլատրել են հանդիպել հոր հետ. «Կես րոպե ընդամենը մտա մոտը, գրակախառնվեցինք ու էդքանը»։
Շահենը մոր՝ Ռուզաննա Բադալյանի հետ, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարան էր եկել, բայց նրանց թույլ չտվեցին տեսակցել ձերբակալվածին։ Նրանք սնունդ փոխանցեցին Շանթ Հարությունյանին, սակայն հագուստ թույլ չտվեցին փոխանցել՝ ասելով, որ մեկուսարանում տաք է: Շահենն ասաց, որ հայրն ինքն է ցանկացել հանդիպել իր հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Շահեն Հարությունյանին ազատել են այսօր, ժամը 7:00-ի սահմաններում:
Շանթ Հարությունյանի կինը պատմեց, որ առավոտյան ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել իրենց բնակարանում, որոնել են պայթուցիկ նյութեր, թմրանյութ, զենքեր, սակայն ոչինչ չեն հայտնաբերվել:
Շահեն Հարությունանը NEWS.am-ին ասաց, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում բենզինով լցված շշեր չեն եղել. «Մենք ուզեցել ենք խաղաղ երթ անել, բայց զգուշացրել ենք՝ եթե մեզ խոչընդոտեն, մենք կդիմադրենք»:
Այսօր Շանթ Հարությունյանի որդին մի քանի կողմնակիցների հետ գնալու են Ազատության հրապարակ, որպեսզի տեսնեն, թե որտեղ են իրենց պաստառներն ու իրերը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











