Իրանա-ադրբեջանական սահմանին անցակետերի փակումն իրականում տնտեսական ու քաղաքական տեսակետից վնասում է Ադրբեջանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի Պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը՝ պարզաբանելով, որ այդ կերպ վտանգի է ենթարկվում Ադրբեջանի Հանրապետության ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կոնտինենտալ կապը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները դադարեցրել են Նախիջեւանի ուղղությամբ անցակետային գործունեությունը միջադեպից հետո, որի ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, իրանական կողմից տրակտորի ուղղությամբ կրակոցնել են տեղացել, երբ այն աշխատանքներ էր իրականացնում Նախիջեւանի տարածքում: Ինչպես նշել է Վարդան Ոսկանյանը, իրանցիներն ի պատասխան փակել են միայն երկու սահամանյին անցակետ՝ Ջուլֆին՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ ու անցակետը այսպես կոչվախ կոնտինենտալ Ադրբեջանի հետ Բիլյասուվարայի շրջանում:

«Սովորաբար սահմանային միջադեպերն ու խնդիրներն այդ կերպ չեն լուծվում: Միջազգային փորձում ընդունված է, որ նման դեպքերում տեղի սահամանապահ կայազորների հրամանատարները հանդիպում են, խնդիրները լուծվում են այդ մակարդակում, այլ ոչ թե փակվում են անցակետերը»,- ընդգծել է իրանագետը: Նա նշել է, որ իրականում մեղքը պետք է վերագրել Ադրբեջանին, քանի որ, փաստորեն, իրանական կողմն ընդամենը պատասխան գործողություններ է իրականացրել:

Վարդան Ոսկանյանը կարծիք է հայտնել, որ, հնարավոր է, Իրանի նկատմամբ չափազանց խիստ դիրքորոշմամբ Ադրբեջանը փորձում է Արեւմուտքի աչքում իրեն ցույց տալ որպես երկիր, որը հակաիրանական տրամադրություններ ունի: «Սակայն, կարծում եմ, սրանք ուշացած քայլեր են, քանի որ Արեւմուտքի հետ իրանցիների բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ իրականում ընթանում են բավական խաղաղ պայմաններում»,- նշել է իրանագետը:

Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո Ադրբեջանը նոյեմբերի 6-ին փակել է Փոլդեշտում սահմանակետը, որին ի պատասխան Իրանը նոյեմբերի 7-ին փակել է Ջուլֆե ու Բիլյասուավերե սահմանային անցակետերը: