Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ բանակցություններում մեկ բան ակնհայտ է. կողմերը դրականորեն եւ բավական լավատեսական են տրամադրված խնդրի լուծման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Նրա խոսքով՝ Ժնեւում Իրանի միջուկային խնդրով բանակցությունների հերթական փուլն ավարտվել է նոյեմբերի 8-ին, եւ բանակցությունների մանրամասների վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ չեն եղել:

«Սակայն, կարծում եմ, որ Իրանի միջուկային խնդրի լուծման համար լուրջ միտումներ կան եւ մոտ ժամանակներս, հնարավոր է, մենք ականատես կլինենք իրանական միջուկային խնդրի լուծմանը: Առավել եւս, որ երկու կողմերից էլ նկատելի է բարի կամք, որն, իհարկե, որոշակի հույս է ներշնչում»,-նշեց Յարալյանը:

Անդրադառնալով պատժամիջոցների հանելու խնդրին, նա ընդգծեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության համաձայն, դրանք ամբողջությամբ չեն հանվի, բայց որոշակիորեն կթուլացվեն»,-նշեց իրանագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-8-ին Ժնեւում տեղի է ունեցել Իրանի միջուկային խնդրի հարցով միջազգային միջնորդներից «Մեծ վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը: