Սպառազինվելու անհրաժեշտության տեսակետից Ադրբեջանի համար հիմնական խնդիր շարունակում են մնալ հայկական երկու պետությունները: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքն ուղղված է Հայատանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, թե կան այլ «թիրախներ»:

Ինչպես հիշեցրել է քաղաքագետը, Ադրբեջանի առջեւ կան եւս երկու տարածաշրջաններ, որոնք հետաքրքրություն են առաջացնում: Մեկը Կասպից ծովն է ու ԽՍՀՄ նախկին անդամ պետությունների հետ Ադրբեջանի լարված հարաբերությունները: «Սակայն, կարծում եմ, բավական բարդ է պատկերացնել ադրբեջանական ու մեկ այլ մերձկասպյան պետության նավատորմերի միջեւ ծովամարտը, թեեւ կարելի էր հետաքրքրությամբ հետեւել»,- նշել է քաղաքագետը:

«Ինչ վերաբերում է մյուս ուղղությանը՝ Իրանին, ապա այստեղ մենք նկատում ենք փոխհարաբերությունների որոշակի կարգավորում, մինչեւ անգամա այն, որ Իրանն ու Մեծ Բրիտանիան ժամանակավոր հավատարմագրեր փոխանակեցին, ինչն արդեն նշանակում է, որ Իրանի ու արեւմտյան աշխարհի միջեւ լարվածությունը թուլանում է»,- նշել է Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ սպառազինվելու անհրաժեշտության տեսակետից Ադրբեջանի համար հիմնական խնդիրն, այնուամենայնիվ, Իրանն ու Կասպից ծովը չեն, ավելին, այս հարցերը, մասնավորապես կասպիականը, լուծում են «մեծ» երկրները՝ Ռուսաստանն ու Իրանը, ընդ որում, հարցը կարող է լուծվել ամենեւին էլ ոչ ռազմական ճանապարհով: Ինչպես ընդգծել է քաղաքագետը, Ադրբեջանը պահպանում է սպառազինության հավասարակշռությունը(ծովում ու ցամաքում ռազմական գործողություններ վարելու համար՝ խմբ.), սակայն հասկանալի է, որ այսօր Ադրբեջանի հիմնական հակառակորդը հայկական կողմերն են»,- եզրափակել է Ալեքսանդր Մարկարովը: