Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ ճանապարհային ոստիկանությունը։ Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին ասաց Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, որը եկել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ՝ աջակցելու Վարդան Պետրոսյանին, որի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը դռնփակ նիստում քննարկում է դատարանը։
«Նման տիպի ավտովթարների պատճառը մեր ճանապարհներն են։ Ճանապարհները որակյալ չեն, մութ են, ճանապարհային նշաններ չեն եղել այնտեղ, եւ վթարն անխուսափելի է։ Փորձանք ծնող պատճառները բազմաթիվ են, պետք է բմբլահան անել այս գործը, որ բոլոր մեղավորները պատասխան տան»,- ասաց Անահիտ Բախշյանը։
Անահիտ Բախշյանը դատարանից ակնկալում է օբյեկտիվ որոշում. «Եթե մարդը չի փախել, մարդը պատրաստ է իր պատիժը կրել, անհասկանալի է , անթույլատրելի է կալանավորումը»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











