Նոյեմբերի 14-ին` ժամը 14:45-ին հիվանդանոցից Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 14:30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց «ՎԱԶ 21.07» մեքենայի միջից անհայտ անձը հրազենից կրակոց է արձակել 1972թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և փախուստի դիմել:
Հոկտեմբերի 14-ին` ժամը 20-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Հայկավան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Նժդեհ Ենոքյանին:
Դեպքից ավելի ուշ Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանություն ևս մեկ ահազանգ է ստացվել, և հայտնել են, որ դարձյալ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Սարդարապատ գյուղի բնակիչ` Քաջիկ Ավետիսյանը, որը բժիշկներին պատմել էր, որ վնասվածքը ստացել է հայրենի գյուղում` ժամը 14-ի սահմաններում:
Ոստիկանները պարզել են, որ Քաջիկ Ավետիսյանը վնասվել էր նույն կրակոցից, որով սպանվել էր Արմեն Եփրեմյանը, քանի որ գտնվել էր տուժողի կողքին:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











