«Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նոր ֆիլմ է նկարահանում: Աշխատանքային վերնագրով «Հոգեվարքը» արտագաղթի մասին է` կամերային դրամայի ժանրում:
«Հոգեվարքը» ռեժիսոր Հայկ Օրդյանի առաջին խաղարկային ֆիլմն է: Թեմայի ընտրությունը կապված է նրա ներքին խմորումների հետ, իսկ սցենարը հասունացել է տարիների անձնական դիտարկումներից։ «Շատ հաճախ լինելով իմ հարազատ գյուղում` Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձորում, տեսնում էի, որ այնտեղ օրեցօր մի տան դուռ փակվում է եւ վերադարձ չկա: Ինձ հարազատ մարդիկ հեռանում էին, իմ սիրելի մարդիկ անընդհատ լքում էին երկիրը, իսկ մարդիկ, ովքեր ծեր էին, մնում էին միայնակ:Փաստորեն մարդիկ ներքին միայնություն էին զգում»:
Ֆիլմի հերոսները գյուղացի ամուսիններ են։ Ծերունի հայրը ծանր հիվանդ է, զավակները արտագաղթել են: Մահամերձ հայրը ակնկալում է մահից առաջ տեսնել հայրենիք վերադարձած զավակներին, բայց իրականությունն այլ է: Նա մահանում է, իսկ ծեր կինը լքված տանը մնում բոլորովին միայնակ: Գլխավոր դերերում նկարահանվել են ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը եւ վաստակավոր արտիստ, դերասանուհի Գրետա Մեժլումյանը:
Ռեժիսորը կարծում է, որ ֆիլմում մեծ դեր է ունենալու մոնտաժի կոնտրապունկտային մեթոդը, որի արդյունքում ստացվելու է ձայնի ու պատկերի անսովոր համադրություն։ Նկարահանման համար օգտագործվել են կինոարտադրության նորագույն տեխնիկական միջոցներ ու տեսախցիկներ։ Ֆիլմի տեխնիկական որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Պրեմիերան նախատեսվում է դեկտեմբեր ամսին:
Նվարդ Մանվելյան











