Հյուսիսային պողոտայում նոյեմբերի 21-ին, Հայկական կարմիր խաչի ընկերությունը «Ընտրի′ր քո ճանապարհը» կարգախոսով միջոցառման շրջանակում «կյանքն առանց ծխախոտի» և «կյանքը ծխախոտով» տաղավարներ էր պատրաստել՝ մեկը ծաղիկներով, կանաչ գորգով, մյուսը՝ ծխախոտի կտորներով և կարմիր գորգով ձևավորված:

Միջոցառման նպատակը ծխելու վնասների մասին մարդկանց տեղեկացնելն էր. «Մենք չենք ասում՝ մի ծխեք, մենք ասում ենք՝ տեղեկացված եղեք և ընտրեք: Սա ավելի ազդեցիկ է: Ընտրությունը ձերն է: Կընտրեք ձեր առողջ ապագա՞ն, ձեր առողջ ապրելակե՞րպը, թե՞ կընտրեք անառողջ միջավայր. թե՛ ձեզ կթունավորեք, թե՛ ձեզ շրջապատող միջավայրը»,- NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը։

Միջոցառման մասնակիցները անցորդներին տեղեկացնում էին ծխախոտի վնասի մասին, բաժանում «Քայլենք առանց ծխախոտի», «Քո ընտրությունն առողջ միջավայրն է» մակագրությամբ թռուցիկներ: Ծխող անցորդներին, որոնք համաձայնում էին իրենց ծխախոտի տուփը աղբամանը նետել, միջոցառման մասնակիցները կոնֆետներ ու քաղցրաբլիթ էին նվիրում: Շատերն էլ պարզապես մոտենում էին, հյուրասիրությունից օգտվում:

«12 տարեկանից ծխում եմ: Փառք աստծո, գամված չեմ, դրան գերի չեմ դարձել: Բայց և կողմ եմ, և դեմ ծխելուն: Կողմ եմ, որ ծխեն, բայց դեմ եմ շատ օգտագործելուն: Երևույթին դեմ եմ, բայց չի էլ կարելի խստիվ արգելել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց 42-ամյա Արտակ Դեմիրճյանը:

Քաղաքացիները նաև քվեարկում էին հակածխախոտային թեմաներով պաստառների օգտին՝ դրանց վրա ժպիտներով պիտակներ փակցնելով: Պաստառները 7-9-րդ դասարանի աշակերտներն էին պատրաստել ծրագրի առաջին փուլի շրջանակում: Կարմիր խաչի կամավորներն այդ փուլում այցելել են դպրոցներ, բարձր դասարանի աշակերտների հետ ինտերակտիվ դասընթացներ անցկացրել՝ ծխելու վնասների վերաբերյալ: Երկրորդ փուլում Կարմիր խաչի լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ են իրականացրել, տեղեկատվություն տարածել ծխախոտի վնասակարության մասին: