Երեւանի Նալբանդյան փողոցում դեկտեմբերի 2-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելիս երթի մասնակիցները փորձել են կանգնեցնել ոստիկանական մեքենաները:

Մի խումբ ակտիվիստներ, նրանց թվում նաեւ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, շրջափակել են ոստիկանական մեքենան եւ պահանջել են բաց թողնել ակտիվիստներին։

«Ո՞ւմ եք ծեծում մեքենայի մեջ, բացեք, որ տեսնենք»,- բացականչել է Զարուհի Փոստանջյանը։ Ակտիվիստները պահանջում էին բացել դուռը՝ բղավելով, որ մարդկանց մեքենայի մեջ ծեծում են։

Ոստիկանները ուժով հեռացրել են ակտիվիստներին եւ բացել են մեքենայի ճանապարհը։ Դրանից հետո անըդհատ բախումներ էին լինում ակտիվիստների եւ նրանց Նալբանդյան փողոցում արգելափակած ոստիկանների միջեւ, մինչեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցելուց հետո ակտիվիստները հեռացան Հանրապետության հրապարակ՝ շարունակելու իրենց խաղաղ ակցիան։