Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ ենք, որ մեր բարեկամ Իրանի հետ համագործակցություն ենք սկսում նաեւ վիճակագրության բնագավառում: Համոզված ենք, որ այդ համագործակցությունը բխում է մեր երկու պետությունների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այս բնագավառում կապերի սերտացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր հերթին, Ադել Ազարը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ իրենց նպատակն է այդ փոխգործակցությունը ամրապնդել նաեւ վիճակագրության բնագավառում:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը:

Այնուհետեւ ՀՀ վարչապետի ներկայությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության եւ Իրանի վիճակագրական կենտրոնի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու պետությունների վիճակագրական մարմինների միջեւ համագործակցության զարգացմանը:

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, իրանական կոմից՝ Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ադել Ազարը:

Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցել վիճակագրության տարբեր ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել վիճակագրական տեղեկատվության եւ հրապարակումների փոխանակում եւ տարածում, փոխադարձ օժանդակության ցուցաբերում մեթոդաբանության ու հեռահաղորդակցման ուղղություններով: